«Ընտրությունների ընթացքը ամենահաճելի և խաղաղ ընթացքը չէ. ինչ-որ լարված ամպ կա օդում»,-Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով ընտրությունների ընթացքը, այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
Նա փաստեց՝ կան ակնհայտ կազմակերպված խախտումներ բոլոր ճամբարներից ու մանրամասնեց. «Այսպես ասած՝ Հայաստանը կառավարած ուժերի՝ նախկին և ներկա ճամբարների կողմից կան տեսանելի ընտրախախտումներ, երկուստեք ագրեսիա կա այդ ճամբարներում: Խոշոր հաշվով՝ տեղի է ունենում այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք հետպատերազմական ճգնաժամի առաջին փուլում՝ առաջարկելով, որ չեզոք ուժ կազմակերպի ընտրությունները, որպեսզի դրանք լարվածության առիթ չդառնան և ընտրությունների որակի վրա ստվեր չգցեն: Ցավոք, այդպես չի եղել, և հիմա մենք տեսնում ենք այն, ինչ ունենք»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ընտրությունների օրը թեկնածուներից մեկի մեքենայի վրա կրակեցին, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ես ընտրությունների օրը կատարվող դեպքերին վերապահումներով եմ հակված: Միանշանակ գնահատական տալ չեմ ուզում՝ թող քննությունը պարզի: Օրինակ՝ այլ երկրների բազմաթիվ փորձերի եմ ծանոթ, թե ընտրական գործընթացներում տեղի ունեցող միջադեպերի մի զգալի տոկոս ինչպես է հետո ընտրական տեխնոլոգիաների տրամաբանության մեջ դիտարկվում: Քավ լիցի, կոնկրետ թեկնածուի հետ կատարված միջադեպի վերաբերյալ նման գնահատական տալ չեմ կարող, հույս ունեմ, որ եթե նրա կյանքին և առողջությանը որևէ ձևով վտանգ է սպառնում, ՀՀ իրավապահ մարմինները կձեռնարկեն ամեն ինչ անցանկալի զարգացումները կանխելու համար, բայց ես այս պահին տեղեկատվական աղմուկի մեջ հնչած որևէ բանի միանշանակ գնահատականներ տալ չեմ կարող»:
Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ հնարավո՞ր է լինի երկրորդ փուլ, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում, ընտրություններն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ արդյունքները միանշանակ կանխատեսելի չեն: Հակառակ բոլոր դեպքերում ընտրություն անցկացնելու իմաստ չկա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ