Չորս շաբաթ առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը երկարատեւ ժամկետով դիտորդների է տեղակայել Հայաստանի բոլոր մարզերում, իսկ երկու օր առաջ 100-ից ավելի կարճաժամկետ դիտորդական թիմեր է տեղակայել Հայաստանի 10 մարզերում:
«Նրանք անում են նույնը, ինչ մենք ենք հիմա անում: Այսինքն, հաջորդաբար հաճախելու են ընտրատեղամասեր: Նրանք իրականացնում են դիտորդություն եւ զեկուցում հիմնական թիմի անդամներին: Սա շարունակվելու է ողջ օրը մինչեւ տեղամասերը կփակվեն: Մեր թիմերը սփռված են լինելու տարածքային տեղամասերում»,- այսօր լրատվամիջոցներին ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:
Նա նշեց, որ այս պահին իրավասու չէ խոսել ընտրությունների ընթացքում իրենց նախնական դիտարկումների, մասնավորապես, այսօր խախտումների ականատես լինելու մասին: «Վաղը մենք կկարողանանք մեր նախնական եզրակացությունները ներկայացնել այս ողջ դիտարկման ժամանակահատվածի համար»,- ասաց պարոն Մերֆին:
Aravot.am-ի հարցին՝ իսկ ընտրություններին նախորդող փուլում, մասնավորապես, քարոզարշավի ընթացքում խախտումներ արձանագրվե՞լ են եւ դրանց մասին որեւէ տեղեկություն տրամադրելու իրավասություն ունի՞, դիտորդական առաքելության ղեկավարը պատասխանեց. «Մենք արդեն միջանկյալ զեկույց ենք հրապարակել, որը ծածկել է մեր այստեղ գտնվելու պահից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Մեր հաջորդ մեկնաբանությունները թե՛ քարոզարշավի շրջանի, թե՛ ընտրությունների օրվա մասին դուք կկարողանաք տեսնել վաղը մեր նախնական դիտարկումների հրապարակման մեջ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ