«Քվեարկեցի երկու բանի համար՝ հեռանկարի առումով ինքնիշխան, կենսունակ, ազգային-ժողովրդավարական պետություն ունենալու համար, իսկ ներկայի առումով անկայունությունը խափանելու, քաոսը կանխելու և մեր ժողովրդի համախմբումն ու համերաշխությունը տեսնելու համար»,- քվեարկությունից հետո ընտրատեղամասից դուրս գալով՝ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Հարցին՝ մինչև այս պահը ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Այս համակարգը չի կարող ընտրություն չկեղծել, քանի որ այն իրականում կոչվում է Հայաստանի Հանրապետություն, բայց իրականում Հայաստանի Հանրապետություն չէ, այլ ՀՀ-ն մեր պետականությունը քանդելու, քայքայելու և ռուսական կայսրության համար, արդեն նաև Թուրքիայի համար մարսելի դարձնելու գործառույթներ ունի»:
Նա ասաց՝ Մոսկվայի նպատակն է քաոս սերմանել, ծնկի բերել հայ ժողովրդին քաոսի միջոցով, կիսագաղութից Հայաստանը դարձնել գաղութ:
Վարուժան Ավետիսյանը հավաստիացրեց՝ ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք, որ մեր երկրում խժդժություններ տեղի ունենան:
Կարդացեք նաև
Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ Մոսկվան հերթական անգամ մի նոր չարագուշակ հեռանկար է գուժում մեզ համար ու շարունակեց. «Բայց սա արդեն պայմանավորված պատերազմի իրավիճակ չէ, քանի որ ավելի հզոր խաղացողներ կան արդեն, միջամտում են. խոսքը մեր իրական դաշնակիցներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին է»:
Վարուժան Ավետիսյանը հորդորեց քաղաքացիներին տարատեսակ լարումներ ստեղծող կոչերին և ուժերին չհետևել, հանդուրժող լինել, հարգել միմյանց, քաղաքական այլակարծությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ