Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ուղղորդում, քվեարկության գաղտնիության խախտում. «Ականատես»-ի դիտարկումները ժամը 16:00-ի դրությամբ

Հունիս 20,2021 21:00

 Տվյալներն ըստ ժամը 16:00-ի

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում 300 ընտրված տեղամասերում և տեղամասերին հարող տարածքում:

Սույն հաղորդագրությունը ներառում է առավել ընդգծված՝ ստուգված խախտումների դեպքերը։

Քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտում և ընտրողների ուղղորդում/վերահսկողություն

  • Սյունիքի մարզի Սիսիանի խոշորացված համայնքի թիվ 34/24 տեղամասում ընտրողը, դուրս գալով քվեախցիկից, հայտարարել է, որ իրեն չի տրամադրվել թիվ 3 քվեաթերթիկը։
  • Երևանի թիվ 9/44 տեղամասում «Հայ ազգային Կոնգրես» կուսակցության վստահված անձը նստած է եղել քվեախցիկի կողքը, այնպիսի դիրքով, որի արդյունքում խախտվում էր ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ և վերջինս պահանջել է, որպեսզի վստահված անձը տեղափոխվի, սակայն վերջինը հրաժարվել է կատարել նախագահի պահանջը: Նույն պահանջը ներկայացվել է նաև ոստիկանության ծառայողների կողմից, սակայն կրկին վստահված անձը մերժել է տեղափոխման պահանջը՝ հայտարարելով, որ իրավունք ունի դիտարկել քվեարկության սենյակը: Որոշ ժամանակ անց վստահված անձը տեղափոխվել է:
  • Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի 20/50 տեղամասում ժամը 08։00-ից մինչև 09։15 ընկած ժամանակահատվածում մի քանի զինծառայողներ քվեարկել են քվեարկության գաղտնիության պահանջի խախտմամբ։ Միջադեպերի վերաբերյալ դիտորդը հրավիրել է տեղամասային հանձնաժողովի նախագահի ուշադրությունը և վերջինս խոտանել է զինծառայողների քվեաթերթիկները։ Ժամը 09։50-ին ևս մեկ զինծառայող դատարկ ծրար է հանձնել և հեռացել և հանձնաժողովի նախագահը դրոշմանիշ է փակցրել դատարկ ծրարի վրա և իր ձեռքով գցել քվեատուփի մեջ։
  • Երեւանում Կենտրոնի թիվ 9/58 տեղամաս ժամը 13:00-ի սահմաններում ժամանել է «Հայաստան» դաշինքի վստահված անձը, որը կանգնած է քվեախցիկին շատ մոտ, որտեղից կարող էր տեսնել ընտրողի գործողությունները քվեախցիկում: Դիտորդի նկատողությունից հետո վերջինիս հեռացրել են քվեախցիկի մոտից:
  • Գեղարքունիքի մարզում Գեղամասարի թիվ 20/57 տեղամասում դիտորդը նկատել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ Զոյա Գևորգյանի մոտ առկա են ցուցակներ անձանց տվյալներով, որոնց մեջ վերջինս պարբերաբար նշումներ է կատարում (անուն ազգանուններ), ապա կատարում զանգեր: Զ․Գևորգյանը հանդիսանում է Շատջրեք համայնքի ղեկավարը։ Նկատվել է համագործակցություն «Հայաստան» դաշինքի վստահված անձի հետ։ Զ․Գևորգյանը ընթացիկ զանգեր է կատարել նաև հանձնաժողովի անդամներից մեկին, ապա երկուսով հանդիպել են տեղամասային կենտրոնի երկրորդ հարկում և զրուցել։ Դիտորդը մոտեցել է վստահված անձին, հարց ուղղել այն մասին, թե ինչ անվանացանկ է իր մոտ գրառում և ճանաչում է արդյոք այդ անձանց։ Զ․Գևորգյանն ի պատասխան նշել է․ «Բա իմ բնակիչներն են, չիմանա՞մ ով է եկել, նշումներ եմ անում իմ համար»։ Դիտորդն այս մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, նշելով, որ ըստ իրեն, տեղի է ունենում վերահսկվող քվեարկություն։
  • Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 29/8 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը պարբերաբար խոսում էր ընտրողների հետ՝ մինչև վերջիններիս քվեարկությունը և ուղղորդում նրանց: Նշվածի վերաբերյալ դիտորդը կատարել է համապատասխան գրառում հանձնաժողովի գրանցամատյանում, ինչը դուր չի եկել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանին: Կազմվել է նաև միջադեպի արձանագրություն: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը լքել է տեղամասը՝ հերթափոխի պատճառաբանությամբ:
  • Գեղարքունիքի մարզում Վարդենիս համայնքի թիվ 21/51 տեղամասում ժամը 10։55-ին դիտորդը նկատել է, որ ընտրողներից մեկին տրվող քվեաթերթիկների մեջ թիվ 24 քվեաթերթիկի վրա առկա է գծանշում։ Միջադեպի մասին հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է կուսակցություններից մեկի վստահված անձը։ Հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը վերացրել է և այդ մասին նշում է կատարվել գրանցամատյանում։
  • Լոռու մարզի Շնող համայնքի թիվ 24/57 տեղամասում դիտորդը նկատել է ընտրողներին տեղամաս տեղափոխող մեքենա՝ սպիտակ NISSAN TEANA 92AA007 համարանիշներով։ Դիտորդի ֆիքսած պահին մեքենան հետ է վերադարձել՝ բերելով տարեց կնոջ, իջեցրել մեքենայից և ասել․ «24, չմոռանա՛ս»։ Դիտորդը լուսանկարել է ավտոմեքենան, փորձել է խոսել վարորդի հետ, սակայն չի ստացվել։ Նշված մեքենայի կողքին եղել է նաև ոստիկանության մեքենա։
  • Երևանի Էրեբունու թիվ 10/24 տեղամասում գտնվող վստահված անձը, որն ըստ տեղամասում գտնվողների՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձ է (վկայականից դիտորդը չի կարողացել պարզել անձի ինքնությունը), պարբերաբար ընտրողներին ուղեկցել է քվեախցիկի մոտ և պատռել է չօգտագործված քվեաթերթիկները։ Բացի այդ դիտորդը նկատել է, որ նույն վստահված անձը քվեաթերթիկները վերցնում է հանձնաժողովի անդամի ձեռքից և տալիս ընտրողներին:
  • Երևանի թիվ 11/27 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողը ընտրելուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս այլ հագուստով։ Նման վարքագիծ է դրսևորել 2 անձ։ Հանձնաժողովի նախագահը նույնպես նկատել է և խնդրել այդ անձանց լքել տարածքը։ Ընդ որում՝ դիտորդը տարածքում նկատել է նաև ավտոմեքենա, որով անձինք են պարբերաբար տեղափոխվել։
  • Սյունիքի մարզում Գորիս համայնքի թիվ 34/4 տեղամասում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդ Արթուր Համբարձումյանը քվեարկության սենյակում գտնվող իրեն ծանոթ անձանց ուղղորդել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
  • Վայոց Ձորի Ջերմուկ համայնքի թիվ 36/48 տեղամասում դիտորդը արձանագրել է ընտրողների ուղղորդման դեպքեր «Հայաստան» դաշինքի վստահված անձանց կողմից, մասնավորապես, վստահված անձինք ընտրողների հետ զրուցելով նրանց ուղեկցել են մինչև քվեախցիկ, շշուկով հարցրել արդյոք ճիշտ են քվեարկել թե ոչ: Նման ախտումները կրել են շարունակական բնույթ: Բացի այդ տեղամասում գտնվող վստահված անձանց թիվը գերազանցել է օրենքով սահմանված առավելագույն թվաքանակը, վերջիններս պարբերաբար ելումուտ են անում տեղամասում՝ առանց յուրաքանչյուր անգամ մուտքի և ելքի ժամերը գրանցելու: Տեղամասային հանձնաժողովի նախագահը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում խախտումները կանխելու ուղղությամբ:
  • Արարատի մարզի Ղուկասավան համայնքի թիվ 11/34 տեղամասում դիտարկել է պարբերաբար ուղղորդման դեպքեր «Հայաստան» դաշինքի վստահված անձ՝ Սոս Վանոյանի կողմից։ «Հայաստան» դաշինքի նշյալ վստահված անձը հանդիսացել է նաև գյուղապետի տեղակալ, իր՝ քվեարկության ժամանած համագյուղացիներին ընտրատեղամասի մուտքի մոտից ուղղորդել է դեպի ընտրատեղամաս և հրահանգել տեղամասում կատարվելիք գործողությունների կապակցությամբ։ Ներկաների մոտ ընկալում է ձևավորվել, որ նշված վստահված անձը տեղամասում գտնվում էր, որպեսզի իրագործի իր և համագյուղացիների միջև՝ նրանց քվեարկության մասին նախապես ձեռքբերված համաձայնությունը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, սակայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել։ Վստահված անձը նախազգուշացվել է հանձնաժողովի նախագահի կողմից միայն անհայտ տեղից զանգ ստանալուց հետո։ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի թիվ 23/32 ընտրատեղամասում նույն համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը ժամանակ առ ժամանակ ելումուտ է արել ընտրատեղամաս, զրուցել հանձնաժողովի տարբեր անդամների, այդ թվում՝ նախագահի հետ, այնուհետ մոտեցել դիտորդին և հորդորել «հարցերին թեթև նայել և խնդիրներ չստեղծել», ինչպես նաև հարցրել է վերջինիս բնակության հասցեն: Դիտորդը պահանջել է Հանձնաժողովի նախագահից վերացնել խախտումը և ապահովել իր դիտարկման գրառումը գրանցամատյանում, որը մերժվել է պատճառաբանությամբ, որ քարտուղարը տեղում չէ և գրառումը կարվի ավելի ուշ: Դիտարկումը գրանցամատյանում գրառվել է, սակայն խախտումը չի վերացվել: Ժամը 16:20 սահմաններում համայնքի ղեկավարը ներկայացել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ՝ համապատասխան վկայականով:
  • Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի թիվ 19/17 տեղամասում դիտորդն արձանագրել է, որ մշտապես «Հայաստան» դաշինքի երկուսից ավելի վստահված անձ է ներկա տեղամասում, որոնց ամեն անգամ դուրս են հրավիրում զգուշացումներից հետո։Երևանի թիվ 6/26 տեղամասում դիտորդը նկատել է, որ մի կին քվեարկելուց հետո փորձել է դուրս բերել մնացած քվեաթերթիկները։ Կնոջը նկատել են հանձնաժողովի անդամները և կանխել հեռանալու փորձը։ Կազմվել է արձանագրություն։

Իրավունքների խոչընդոտում քվեարկության փուլում

  • Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի թիվ 36/48 տեղամասում հանձնաժողովի անդամը արգելել է լուսանկարել գրանցամատյանի՝ հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխման վերաբերյալ վիճակահանության արդյունքների էջը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին, և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Ի վերջո հանձնաժողովի նախագահը թույլատրել է լուսանկարել։
  • Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի թիվ 19/17 տեղամասում դրոշմանիշների հերթական հարյուրյակի հաշվարկի ժամանակToday լրատվականի օպերատորը կոպտորեն քաշել է դիտորդի թևից՝ ասելով, որ խանգարում է իր նկարահանմանը։

Քվեարկության կարգի խախտում

  • Երևանի թիվ 8/14 տեղամասում ընտրողները առանց ընտրողների ցուցակում ստորագրելու քվեարկել են ու հեռացել տեղամասից։ Ներկայացվել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ գրանցումը պետք է համաձայնեցնի տարածքային ընտրական հանձնաժողովի հետ:

Այլ խախտումներ

  • Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19/17 տեղամասում ժամը 13:10-ի սահմաններում նկատվել է, որ հանձնաժողովի անդամը մոտ 300 կտրոնի վրա չի դրել իր անհատական կնիքը։

Արձանագրված խախտումների մի մասը գրանցվել է գրանցամատյանում, մյուս մասի դեպքում  դիտորդի պահանջը խախտումը գրանցամատյանում գրանցելու վերաբերյալ մերժվել է։ ։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930