Գյումրու Անի թաղամասի մի քանի ընտրատեղամասերում քվեատուփերը ծակ են։ Այս մասին մեզ հետ զրույցում փաստել էին «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի ներկայացուցիչները։ Մենք ևս ականատես եղանք նման մի դեպքի․ այդ թեմայով լեզվակռիվ տեղի ունեցավ Անի թաղամասում գտնվող թիվ 31/09 ընտրատեղամասում․ վստահված անձանցից մեկը հանձնաժողովի նախագահից պարզաբանում էր պահանջում։
Հանձնաժողովի նախագահ Ռուստամ Պետրոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ իր ու վստահված անձի միջև տարաձայնություններ չեն եղել, վստահված անձն իր բողոքն է արտահայտել՝ կապված ծակ արկղի հետ։
Դրանք, ըստ հանձնաժողովի նախագահի, շատ փոքր անցքեր են, այդպես է ստացել գույքը, դիտորդների, ընտրողների ներկայությամբ զանգահարել է իր վերադասին, որտեղից հավաստիացրել են, որ նորմալ է, օրենքի խախտում չկա։
Կարդացեք նաև
«Ավելին ասեմ, առավոտյան ժամը 7․00-ին մենք նիստը սկսել ենք, դիտորդների ու վստահված անձանց ներկայությամբ,այդ թվում իրենց կուսակցության վստահված անձն էլ էր ներկա, ստուգվել է արկղի դատարկ լինելը, կնիքվել է, մի տեղ դրվել է ու անշարժ մնացել է։
Եթե օրենքի ինչ-որ խնդիր կար, ինքը չառաջարկեց, բայց ես ՝ որպես նախագահ, մատյանն առաջարկեցի, ասացի՝ խնդրեմ, եթե իրականում ինքը գիտի, որ դա խախտում է, կարող է իր գրառումը կատարել, իր բողոքը կամ հատուկ կարծիքը գրել։
Հրաժարվեց, հետևաբար դատողությունները թողնում եմ ձեզ։ Եթե ես իմանամ խախտում կա, դա հաստատ կարձանագրեի», -ասաց նախագահը։
Նա ցույց տվեց արկղի անցքերը՝ նշելով, որ փոքր անցքերից այդքան մեծ թղթեր հանել հնարավոր չէ։
«Ֆոկուսնիկ ենք, ի՞նչ ենք, որ էդ անցքի միջից էդ չափի թուղթ հանենք, մեր կուսակցություններին, թեկնածուներին հարիր չէ մանիպուլյացիաներ ու պրովոկացիաներ անելը»,-ասաց Ռուստամ Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ