«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզային շտաբի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց արագ արձագանքման խմբերը մի քանի ընտրախախտումներ են հայտնաբերել։
Ըստ նրա, վաղ առավոտյան ահազանգ են ստացել, որ ընտրատեղամասերից մեկում N 24 քվեաթերթիկը թանաքոտված է:
«Այն միանշանակ դիտավորություն է քվեաթերթիկն անվավեր ճանաչելու համար։ Իհարկե, այդ պահին մեր վստահված անձն արձանագրել է , մենք կենտրոնական շտաբ և ընտրատարածքային ընտրական տեղամասեր տեղեկացրել ենք, կազմվել է համապատասխան արձանագրություն։
Կարդացեք նաև
Մյուս ահազանգը, որ ստացել ենք 2-3 ընտրատեղամասերից քաղաքացիներին N 3 քվեաթերթիկը տալիս են 2-3 հատ։ Սա կարծում եմ մտածված նոր մեխանիզմ է լցոնումներ կազմակերպելու համար։ Բոլոր դեպքերում մեր արագ արձագանքման խմբերը, վստահված անձինք աչալուրջ են, որպեսզի կանխենք այս գործողությունները։
Անի թաղամասում տեղի են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից մարդկանց բացահայտ ուղղորդելու դեպքեր, տեղում մեր արագ արձագանքման խմբերն են միջամտել։
Կարծում եմ՝ հաջորդ անգամ չեն համարձակվի նման բան անել։
Եվ մեկ կարևոր փաստի մասին եմ ուզում արձանագրել, այդ մասով, իմ ունեցած տեղեկություններով, նաև դիմել են ոստիկանություն։
Շիրակի մարզի գյուղերից մեկում՝ Բյուրակնում, գործող իշխանությունների ներկայացուցիչներից մեկը, պատգամավորներից մեկի մոտ ազգականը մտել է ընտրատեղամաս, հայհոյել է ընտրատեղամասի նախագահին, վստահված անձանց և տեղում ստեղծել է անկառավարելի վիճակ։ Կարծում եմ, սա ևս ունի միտում ընտրական պրոցեսը խանգարելու համար»,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Ի դեպ, այս միջադեպով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ