Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը լրագրողներին ներկայացրեց նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը առերևույթ ընտրական իրավունքի խախտումներ պարունակող հանցագործությունների վերաբերյալ տվյալներ:
«Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում մինչ քվեարկության օրը ստացվել են առերևույթ ընտրական իրավունքի խախտումներ պարունակող 18 նյութեր և 5 քրեական գործեր, որոնցից 3-ը հարուցվել է հետաքննական մարմինների կողմից, իսկ 2-ը՝ գլխավոր դատախազության»,- ասաց նա՝ հավելելով, որ նշված դեպքերից 4-ը վերաբերում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելուն, 9-ը՝ նախընտրական քարոզչության մասնակցելուն հարկադրելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ բարեգործության արգելքը խախտելուն, 1-ը նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:
7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Իսկ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով ձերբակալվել է 1 անձ, որին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Եվս մեկ անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու դեպքով:
Իսկ այսօր՝ քվեարկության օրը, ժամը 15:00-ի դրությամբ ստացվել են 15 նյութեր. «15 դեպքերից 10-ը վերաբերում են 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոն կամ դրա հարակից տարածքում բռնություն գործադրելուն»:
Կարդացեք նաև
Վերջին դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ