«Հանուն ուրիշ ինչի՞ պետք է այսօր քվեարկել: Հանուն փոփոխության: Ես չգիտեմ՝ օրենքով այսօր կարելի՞ է կոնկրետ բաներ ասել, բայց նա չպետք է լինի եւ վերջ»,- Երեւանի թիվ 4/28 ընտրատեղամասում քվեարկելուց հետո հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Խոսելով ապագա Հայաստանի իր տեսլականի մասին՝ նա ասաց. «Ո՞վ է ավելի շատ գրել, քան ես: Մեր ծրագրում ինչպես գրված է, այնպես էլ տեսնում եմ: Հեռուստաբանավեճի ժամանակ չտեսա՞ք, ինչ ասում էի՝ համաձայնում էր»:
«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածուն լռության օրը զբաղվել է ընտրատեղամասերում իրենց վստահված անձերի աշխատանքը կարգավորելով:
Նրա խոսքով, այսօր առավոտյան Կապանից նորից ահազանգել են, որ իրենց վստահված անձանց հետ կապված էլի ինչ-որ խնդիրներ են եղել. «Մալաթիա համայնքում նույնպես այսօր մեր վստահված անձին ընտրատեղամասից հանել են: Այս պահին իսկապես չեմ կարող ասել՝ դա միտո՞ւմ է, թե այլ բան: Կապանում մեր պաստառները փակցնելուց հետո գալիս պոկում, պատռում են: Վերջին երեք օրերին Կապանում ամեն ինչ արվում էր, որ միայն Նիկոլը երեւա: Նա՝ նկատի ունեմ Նիկոլի նկարը, կախված է սյուներից, տների պատշգամբներից, տանիքներից»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն ավելացրեց. «Մենք եկել ենք՝ Հայրենիքը փրկենք: Մենք հիմա Ալիեւի դեմ ենք քվեարկում: Սա՝ ընտրատեղամասերը՝ խրամատ է: Ժողովրդի մի մասը դեռ չի հասկանում, որ սա առաջնագիծ է, ռազմաճակատի գիծ է»:
Հրանտ Բագրատյանը հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու. «Որ պատերազմին ես, մենք մասնակցել ենք, հաղթել ենք: Մի պատերազմ հաղթել եմ, երկրորդին թույլ չտվեցին մասնակցել, երրորդում նորից կհաղթենք: Մենք պարտվող տեսակ չենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ