Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետեւ չկա». Արմեն Չարչյան

Հունիս 20,2021 17:16

«Ես չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, միայն երկու բան ունեմ ասելու. առաջին`բացարձակապես անընդունելի եմ համարում մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, որովհետեւ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին եւ որեւէ զանցանք, հանցանք ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով: Հետեւաբար այդ գործը, որ կարվել է, օդ է, իր մեջ նյութ չի պարունակում, դա փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է: Եվ երկրորդ, եթե իրապես հիմք չկա, եթե մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որեւէ հիմք չկա, բոլոր դեպքերում գործ են հարուցում, ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն: Սրանով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի եւ բացառապես կախված է իմ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանը`հավելելով, որ իրեն 1,5 օր ապօրինաբար ազատազրկել են:

Արմեն Չարչյանն ասաց, որ երրորդ կետն էլ կա, բայց որպեսզի այն չդիտարկվի քարոզչություն, դրա մասին կխոսի ավելի ուշ:

Հիշեցնենք, Արմեն Չարչյանին ձերբակալել էին այն բանից հետո, երբ ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ Արմեն Չարչյանն իբրեւ ուղղորդում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին`ընտրության օրը կոնկրետ ուժի օգտին քվեարկություն կատարելու համար: Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

«Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջական վիճակը եւ հարցը դիտարկել զուտ իրավական հարթության մեջ: Օրենքի առաջ բոլորս հավասար ենք»,- ասաց Արմեն Չարչյանը:

Aravot.am-ի հարցին` ի վերջո ուղղորդե՞լ է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Դուք ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետեւ չկա»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930