Լրահոս
Օրվա լրահոսը

«24 թիվը նկարած վերնաշապիկով մարդիկ են հայտնվում ընտրատեղամասերում, մտնում են քվեարկելու». Վահե Գասպարյանը՝ իրենց մոտ գրանցված ահազանգերի մասին

Հունիս 20,2021 17:00

«Արդեն ահազանգեր եղել են, փաստերը գրանցել ենք: Դրանք բոլորը հավաքում ենք մեր շտաբում, որ ներկայացնենք ԿԸՀ, եթե հարկ լինի՝ իրավապահներին»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ահազանգեր են ստացել,այսպես պատասխանեց Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը:

Խնդրեցինք մանրամասնել՝ մասնավորապես ի՞նչ ընտրախախտումների մասին են ահազանգերը, նա հայտնեց. «Քվեաթերթիկները գծած, խզբզած են եղել, քվեախցիկից կես կամ մեկ ժամը մեկ չօգտագործված քվեաթերթիկները հավաքում, տանում են: Ենթադրում ենք՝ տանում են, որ հաշվեն և ընթացքում պատկերը հասկանան: 24 թիվը նկարած վերնաշապիկով մարդիկ են հայտնվում ընտրատեղամասերում, մտնում են քվեարկելու: Օրը թող անցնի, բոլորը կամփոփենք»:

Վահե Գասպարյանի համար այս պատկերը զարմանալի չէ: Մեր հարցին՝ ի՞նչ ընտրություններ են, ի՞նչ ելք կլինի, ԱԺԲ վարչապետի թեկնածուն պատասխանեց. «Սրանք ոչ թափանցիկ, ոչ մաքուր, ոչ արդար ընտրություններ են: Սա ընտրություն չէ, սա քվեարկություն է: Գաղութում ընտրություն չի լինում»:

Հետաքրքրվեցինք՝ գնալով քվեարկության՝ ի՞նչ էր Ձեր մտքում, նա պատասխանեց. «Տարբեր, խառը մտքեր, դառը իրականություն և ազգային ապագայի հույսեր»:

Ըստ Վահե Գասպարյանի՝ 2018-ից ի վեր՝ նրա բնորոշմամբ՝ այդ խաղերը, որը սկսել են՝ սև ու սպիտակ, նախկիններ-ներկաներ, հիմա դա շարունակվեց այս քարոզարշավի ընթացքում՝ ներկայացնելով, թե մրցակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժերի միջև է: Ըստ նրա՝ դա արվում է Կրեմլից եկող պատվերով, որ կան միայն այդ երկու թևերը. «Դրանք իրականում նույն Կրեմլի թևերն են, և նպատակ է հետապնդում գաղութային համակարգը վերարտադրել, ընտրողին էլ ցույց տալ, որ այլընտրանք չկա»:

Հետընտրական զարգացումների առիթով Վահե Գասպարյանն ասաց՝ օրենքի շրջանակում անելու են ամեն բան, որ երկրում կայունություն հաստատվի:

Հարցրին՝ երկրորդ փուլի հավանականություն տեսնո՞ւմ է, Վահե Գասպարյանը պատասխանեց. «Այո, ինչու ոչ: Չեմ կարծում, որ առաջին փուլում ուժերից որևէ մեկը 51 տոկոս ձայն հավաքի, բայց նորից եմ ասում՝ այս համակարգի ներսում ոչինչ բացառել չի կարելի: Իշխանական ուժերն արդեն հայտարարում էին, որ 60 տոկոս կստանան: Սա պարզապես լավատեսություն է, թե քաղաքական պատվեր, դժվարանում եմ ասել: Այնպես որ, բացառել չենք կարող: Բայց իրատեսորեն եթե նայենք, դա համարում եմ քիչ հավանական»:

Վահե Գասպարյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ ոչ մի ուժի հետ կոալիցիա չեն կազմելու ու ամփոփեց. «Ոչ նախկին, ոչ ներկա, բացառվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930