Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ մինչ քվեարկության օրը դատախազությունը ստացել է 338 հաղորդում և ահազանգ:
«Ստացված հաղորդումներից և ահազանգերից 155-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն, ստանալուն և ընտրակաշառքի միջնորդությանը, 59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 64-ը քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, և 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնաս հասցնելուն, իսկ մնացած 18-ը՝ այլ հանցատեսակներին՝ գողություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում»,- հայտնեց նա:
Էդգար Արսենյանը ընդգծեց, որ 338 հաղորդումներից 212 հաղորդում ուղարկվել է ոստիկանություն, որտեղ 77 հաղորդումների տեղեկությունները չեն հաստատվել և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական աշխատանքները դեռևս շարունակվում են: 126-ը ուղարկվել է հետաքննության և նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու համար, արդյունքում՝ 35-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է. «Հարուցվել է 26 քրեական գործ, դրանցից 17-ը հարուցվել է կաշառք տալու, ստանալու, կաշառք տալու միջնորդության դեպքերի առթիվ, նաև ծանրացուցիչ հանգամանքներում: 3-ը հարուցվել է նախընտրական քարոզչությանը մասնակցելուն, մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի առթիվ: 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, իսկ 5-ը՝ կապված պաստառների վնասման հետ: Նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին ընտրակաշառք վերցնելու, 6-ին՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին ընտրական քարոզչության մասնակցել հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: Սույն քրեական գործերով 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, 6 անձ կալանավորվել է, 6 անձ՝ ձերբակալվել: Ցանկանում եմ նշել նաև, որ իմ կողմից նշված անձանցից 5-ը հանդիսացել են այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող պատգամավորների թեկնածուներ»:
Իսկ այսօր՝ քվեարկության օրը, ժամը 8:00-13:00 ընկած ժամանակահատվածում դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ. «Ստացված հաղորդումներից և ահազանգերից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 1-ը ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու կամ ստանալու դեպքերի առթիվ, 16-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի դեպքի առթիվ: Ի դեպ, նշված հոդվածով արդեն հարուցվել է 1 քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Իսկ 15-ը՝ 1-ից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ: Եվ 1 հաղորդում վերաբերել է կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկությունների արդյունքները կեղծելուն և 2-ը պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ կապված»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ