Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրատեղամասում 26 համարի քվեաթերթիկ չկար, չտվեցին, ստիպված այլ ուժի ընտրեցի». քաղաքացին ահազանգում է, հանձնաժողովի նախագահը՝ պարզաբանում

Հունիս 20,2021 16:26

«Ընտրատեղամասում ինձ ասացին, որ 26 համարի քվեաթերթիկ չկա, քանի որ 25 ուժ է մասնակցում ընտրություններին»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված 3/11 ընտրատեղամասում քվեարկության մասնակցած քաղաքացի Աստղիկ Չարուխչյանը:

Նրան խնդրեցինք կատարվածը մանրամասնել. «Ինձ ասացին, որ 26 համար չկա, կրկին դիմեցի հանձնաժողովի անդամներին, որպեսզի ինձ տրամադրեն 26 համարի քվեաթերթիկը, իրենք ասացին, որ 26 չկա, քանի որ մի կուսակցություն դուրս է եկել պայքարից, դրա համար 25-ն են մնացել»:

Քաղաքացին ասաց, որ ստիպված ուրիշ ուժի է ձայն տվել. «Հետո հասկացա, որ ինձ անպայման պիտի տային 26 համարը, սակայն չկար: Բայց իմ ընտրելուց մի քանի ժամ հետո եղել է. տեսել են, որ 26 եղել է»:

Aravot.am-ը կապ հաստատեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 3/11 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Նիկողոսյանի հետ: Մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, թե նման դեպք այսօր իրենց ընտրատեղամասում չի գրանցվել : Մեր փաստմանը, բայց ընտրությանը մասնակցած անձն ինքն է պատմում այդ մասին, նա արձագանքեց. «Աղջիկս, կարող եք հիմա վայբերով զանգել, հենց հիմա տանեմ Ձեզ սեղանի շուրջ ցույց տամ 26 համարի քվեաթերթիկը: Երևի, որ ասել ենք՝ 25-ն են մասնակցում, քանի որ գիտեք, որ 22-ը փաստացի չկա չէ՞ 26-ից»: Մեր փաստմանը, բայց 22-ն է դուրս եկել, ուստի 26 համարի քվեաթերթիկը պետք է լինի ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Իհարկե, կա: Դրված է սեղանին: Հիմա փաստացի նստած եմ քվեաթերթիկների սեղանին դեմ դիմաց, կարող եք վայբերով զանգահարել այս համարով, տեղում ցույց տամ, թե որտեղ է դրված 26 համարի քվեաթերթիկը: Դա առկա է, տեսանելի տեղ է դրված, հնարավոր չէ, որ քաղաքացին չտեսներ այդ քվեաթերթիկը: 26 համարի քվեաթերթիկը դրված է սեղանին»:

Նշենք, որ 26 համարի քվեաթերթիկը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քվեաթերթիկն է: Կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանը մեզ հետ զրույցում կատարվածի հետ կապված այսպիսի գնահատական տվեց. «Սա վկայում է այն մասին, որ հանձնաժողովի անդամները մնացել են նույն կեղծարարները, որոնք դեռ ՀՀԿ-ի ժամանակներից կային: Հնարավոր է՝ դա միտումնավոր է արվում, որպեսզի առողջ ուժերը չանցնեն խորհրդարան»:

Նա հայտնեց՝ քաղաքացին սկզբից ահազանգել է իրենց կուսակցության ֆեյսբուքյան էջին, այնուհետև տրամադրել է հեռախոսահամար, զրուցել են նրա հետ, այդ մասին ոստիկանություն, դիտորդական կազմակերպություններ նաև արդեն հաղորդում է ներկայացվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930