Գյումրիում վաղ առավոտից ԱԺ ընտրությունների մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում։ Մեր շրջած գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրողների պակաս չկա: Օրինակ՝ Գյումրու Անի թաղամասում տեղակայված 31/05 ընտրատեղամասում գրանցված 1746 ընտրողներից առավոտյան ժամը 11-ի դրությամբ արդեն 200 ընտրող մասնակցել էր։ Գրեթե նույն պատկերն էր այս թաղամասի մյուս ընտրատեղամասերում, Գյումրու կենտրոնում գտնվող Տիկնիկային թատրոնում տեղակայված 31/44 ընտրատեղամասում։ Այստեղ ժամը 13․00-ի սահմաններում 1571 ընտրողից 281-ն արդեն մասնակցել էին։
Սակայն վաղ առավոտից ընտրելու մեծ հերթեր գոյացել էին Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող թիվ 1-ին դպրոցում՝ 31/46 ընտրատեղամասում։
Կարդացեք նաև
Ժամը 12․00-ի դրությամբ 1767 ընտրողից դրությամբ մոտ 300 հոգի իր քաղաքացիական պարտքը կատարել էր, մնացածներն էլ հերթ էին կանգնել, միջանցքում շնչելու, շարժվելու տեղ չկար։
Մեր այնտեղ գտնվելու պահին ընտրատեղամասի ներսում ևս մեծ կուտակումներ էին, 10 ընտրողից ավելի էլ ներսում էին։
Հանձնաժողովի նախագահն ընտրատեղամասի ներսում մեծ կուտակումները բացատրեց տարածքի փոքր լինելով։
Ի դեպ, այս ընտրատեղամասը խստորեն հսկվում էր ոստիկանների կողմից, բավական մեծ թվով ոստիկաններ էին կանգնել դրսում։
Հանձնաժողովի նախագահն ասաց․ «Փառք Աստծո, դեռ միջադեպեր չեն եղել»։
Մենք տարեց ընտրողներից մեկից (տես լուսանկարում) հետաքրքվեցինք, թե հանուն ինչպիսի՞ Հայաստանի կատարեց իր ընտրությունը։
«Հանուն հին Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որտեղ ես ապրել եմ», -ասաց նա։
Իրավիճակը խաղաղ էր նույն թաղամասում գտնվող Գյումրու թիվ 6-րդ դպրոցում։ Սա ժամանակին համարվել է Գյումրու ամենասկանդալային ընտրատեղամասը, այստեղ է քվեարկում նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Թիվ 6-րդ դպրոցում տեղակայված 31/45 ընտրատեղամասի նախագահ Գայանե Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ևս ակտիվ է ընթանում քվեարկությունը, կուտակումներ եղել են առավոտյան ժամին։ Ժամը 12․30 սահմաններում գրանցված 1895 ընտրողներից 320-ն արդեն ընտրել էին, միջադեպ, բարեբախտաբար, դեռ չէր գրանցվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ