Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ականատես» դիտորդական առաքելության տվյալներն ըստ ժամը 8:00-ի

Հունիս 20,2021 16:06

«Ականատեսն» իրականացնում է 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդություն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և տարածքներում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել են 583 դիտորդ, որոնք դիտարկում են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը ազգային մակարդակում պատահական ներկայացուցչական ընտրանքի միջոցով 300 տեղամասերում։ Առաքելության շրջանակում ներգրավված է նաև 22 շրջիկ դիտորդների խումբ, ինչպես նաև իրականացվում է տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։  

Քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը

 Ընդհանուր պատկեր

Դիտորդների դիտարկումների համաձայն, քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց կոպիտ խախտումների։

Ժամը 7:00-ին, «Ականատեսը»  դիտորդներից զեկույցներ է ստացել դիտարկված տեղամասերի 96,3%-ից։

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված գրանցվել է ժամանակավոր խոչընդոտման  1 դեպք։

Կողմնակի անձանց ներկայություն է դիտարկվել տեղամասերի 2%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են տեղամասերի 99%-ում։ Տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է գրանցված ընտրողների թիվը հավաստող տեղեկանքը։

Դիտարկված ընտրատեղամասերի 99.6%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ Թվով 4 տեղամասում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։

Դիտարկված տեղամասերի միայն 27%-ն էր դժվարամատչելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9-%-ը՝ 8:01-8:10-ը ժամանակահատվածում, իսկ 1%-ը` 8:11-ից հետո։

Առանձին խախտումների նկարագրություն

Առանձնանում են քվեարկության նախապատրաստման փուլին առնչվող հետևյալ խախտումները․

Դիտորդի մուտքի խոչընդոտում

  • Գեղարքունիքում Ճամբարակ համայնքի 20/29 տեղամասում հանձնաժողովի նախագահի կողմից «Ականատեսի» դիտորդի մուտքը տեղամաս խոչընդոտվել է՝ պատճառաբանելով, որ դիտորդները պետք է մուտք գործեն ժամը 8։00-ին՝ ընտրողների հետ միասին։ Այդ մասին տեղյակ է պահվել թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովը, որի միջամտության արդյունքում դիտորդը միայն 07։30-ին կարողացել է մուտք գործել ընտրատեղամաս ։

 Կողմնակի անձանց ներկայություն

  • Երևանում Շենգավիթի 8/47 տեղամասում դպրոցի պահակը ներկա է գտնվել տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում։ Հանձնաժողովի նախագահին առաջարկվել է լուծել խնդիրը, սակայն վերջինս պարզաբանել է, որ դպրոցի պահակը հետևում է, որպեսզի կողմնակի անձինք մուտք չգործեն տարածք։ Պահակը ներկա է գտնվել քվեարկության սենյակում մինչ ժամը 08։25։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը մերժել է գրանցամատյանում արձանագրել խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիրներ

  • Երևանում Կենտրոնի 9/24 տեղամասում 6։45 րոպեին չհրկիզվող պահարանը բացված էր։ Ըստ հանձնաժողովի նախագահ՝ հանձնաժողովի անդամները շուտ էին ժամանել, այդ պատճառով պահարանը շուտ է բացվել։
  • Արձանագրվել են դեպքեր, երբ քվեաթերթիկները դրված են եղել չհրկիզվող պահարանից դուրս՝ պահարանում չտեղավորվելու պատճառաբանությամբ։

Քվեատուփի հետ կապված խնդիրներ

  • Մի շարք տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ քվեատուփերի հատակին եղել են շրջանաձև անցքեր։

 

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930