«Երեկ լուրեր կային, որ մեր դաշինքի առաջին եռյակը պետք է զգույշ լինի։ Մենք դրան լուրջ նշանակություն չտվեցինք, եւ այստեղ էլ որոշակի ձախողում ունեցանք»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող, փաստաբան Սեդա Սաֆարյանն՝ անդրադառնալով այսօր դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա արձակած կրակոցին։ Նրա կարծիքով՝ մեր երկրում նման դեպքերում կանխարգելիչ գործողություններ չկան․ «Եթե հասարակության մեջ այդպիսի լուրեր են տարածվում, ու դրանք մեզ էին հասնում, պետք է որ իրավապահ համակարգին էլ հասնեին»։
Տիկին Սաֆարյանն այս միջադեպը դասում է սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքին․ «Որեւէ մեկին թող չթվա, որ կարող է այս հանցագործությունը որակել որպես գույքի ոչնչացում։ Բոլորին կարող է թվալ, թե կրակել են մեքենայի վրա եւ ուզել են մեքենան փչացնել։ Մենք գործ ունենք հասարակական, պետական գործչի հետ, ով իր գործունեությունն ու իր սուր քննադատությունը բազմիցս ներկայացրել է հանրությանը, եւ կարծում եմ՝ պետական եւ հասարակական գործչի նկատմամբ սպանության փորձ է եւ այսպես պետք է դիտարկվի այս հանցագործությունը՝ հանցակազմով։ Կարծում եմ՝ իրավապահ համակարգը գոնե այս գործով կբացահայտի այս հանցագործությունը։ Չեմ կարծում, որ որեւէ մեկն առավոտյան վեր կացավ եւ որոշեց Արման Բաբաջանյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել ինքնակամ։ Ես գիտեմ, որ այս ամենը, ինչ տարածվում է հանրության մեջ, դա լուրջ ուժերի կողմից նախապատրաստած եւ տարածվող լուրեր են, ուզում են ուրիշներին վախեցնել; Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը սրանից կվախենա։ Մենք հետամուտ ենք լինելու այս հանցագործությունն իր շարժառիթներով եւ կատարողներով բացահայտելու հարցում»,-ասա Սեդա Սաֆարյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ