«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն այսօր իր ավտոմեքենայի վրա կրակելու միջադեպի մասին որոշ մանրամասներ պատմեց։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարեւանների պատմելով՝ առավոտյան ժամը 9-9:30-ին է ձայնը լսվել, ինքը՝ Բաբաջանյանը կրակոցի ձայն չի լսել․ «Դա այն ժամն է, երբ ես պետք է մեքենայով շարժվեի շտաբ։ Եվ, ըստ ամենայնի, նրանք հաշվարկել էին, որ ես պետք է մեքենայում լինեմ, կամ առնվազն պետք է տեղափոխվելիս լինեմ դեպի շտաբ։ Ես գիշերը ժամը 2-ին մեքենան կայանել եմ տան մոտ, եւ հայտնաբերել ենք կրակոցը ժամը 10:30-ի շրջակայքում»։
Պարոն Բաբաջանյանի խոսքով՝ կապ է հաստատել ոստիկանապետի հետ, որը մի քանի տարբեր ստորաբաժանումների հանձնարարել է գնալ դեպքի վայր՝ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու։ Բաբաջանյանի մեքենան տեղափոխել են ոստիկանության հրապարակ։
«Կա ձայնագրություն, հարեւանի տեսախցիկն անընդմեջ ձայնագրում է, ընդհանուր պատկերը հանցագործի հնարավոր է եղել դուրս բերել։ Ես տեսա ձայնագրությունը՝ դիմակավորված, «կապիշոնով», սպիտակ հագուստով, ձեռքին՝ սեւ ատրճանակ։ Մանրամասները չկան, դետալները՝ կրակոցի պահի, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա, ներսում նստատեղի հատվածում կա վնասվածք եւ այնտեղ պետք է հայտնաբերվեր փամփուշտի մյուս կտորը։ Հարուցվել է քրեական գործ»,-պատմեց Արման Բաբաջանյանը։
Կարդացեք նաև
«Ես կարծում եմ, որ սա քաղաքական գործընթացները վախի, սարսափի մեջ խեղդելու փորձ է, բայց կարծում եմ, որ մենք անհրաժեշտ հասունությունն ու իմաստնությունը հանդես կբերենք։ Մեր ժողովրդին կոչ եմ անում նույն խանդավառությամբ եւ սպասումներով մասնակցեն ընտրություններին։ Մեզ որեւէ բան չի կարող վախեցնել»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Ասուլիսին ներկա դաշինքի ցուցակի երկրորդ համար Լեւոն Շիրինյանն էլ հավելեց․ «Նկատի ունեցեք, որ մեր տվյալներով՝ դաշինքի հաջողություններն աննախադեպ են, եւ կարծում եմ, որ հեղափոխության կիսատ թողած գործերի շարունակելու ենք, որոնք շարադրել ենք ծրագրում։ Հետեւաբար անցյալի ուժերին շատ է անհանգստացնում, բայց դա չի աշխատելու, մենք պատրաստ ենք մեր ժողովրդի նվաճումները նույնիսկ արյան գնով պաշտպանել։ Սա մեր երկրում նախկին ռեժիմի ձեռագիրն է, հիշեք նախկին ընտրությունները»։
Մինչ ասուլիսը, Արման Բաբաջանյանն իր ընտրությունը կատարելուց հետո, ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասել է․ «Նախօրեին զանգ ենք ստացել, ինձ տեղեկացրեցին մեր շտաբի պատասխանատուները, որ Լեւոն Շիրինյանը զանգ էր ստացել արտերկրից, նշել էին՝ այստեղ զինված ինչ-որ մի խմբավորում է ձեւավորվել, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին։ Չի բացառվում, որ այս կրակոցը նախազգուշական նույն շրջանակներում է; Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չէ, որեւէ կերպ բեկել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ