«Կարծում եմ՝ այս գործողությունը քաղաքական ուղղվածություն ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար, պատգամավորի թեկնածու Նարինե Մարտիրոսյանը:
Տեղեկացնենք՝ Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել: Միջադեպի մասին պատգամավորի թեկնածուն մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Գնացի քվեարկության. ավագ որդուս հետ էի: Եկանք, հասանք մեր տան մոտ, և մեկը ոստիկանական հագուստով, երկուսը քաղաքացիական հագուստով մոտեցան ինձ: Հարցրին՝ Դո՞ւք եք Նարինե Մարտիրոսյանը: Պատասխանեցի՝ այո: Ասաց՝ հետևեք մեզ. գնում ենք ոստիկանական բաժին: Հարցրի՝ ինչ-որ բա՞ն է պատահել, ուզում էի պայուսակս բացել, պարզապես հեռախոսս հանել, չթողեցին: Ասացին՝ չի կարելի: Ասացի խնդրում եմ ասեք՝ ի՞նչն է խնդիրը: Նրանք, թե չենք կարող ասել, պիտի գնանք ոստիկանական բաժին: Զգուշացրին՝ մենք ձեզ ուժով կտանենք: Քանի որ չուզեցի՝ հարևաններս տեսնեն այդ ամենը, որոշեցի գնալ»:
Ոստիկանական բաժանմունքում Նարինե Մարտիրոսյանին տեղեկացրել են, թե ինքը քվեաթերթիկ է հանել ընտրատեղամասից: Նարինե Մարտիրոսյանը շարունակեց. «Ասացի՝ նման բան չեմ արել: Տուն էլ չէի հասել: Բնականաբար, եթե հանել էի, ուրեմն դա ինձ մոտ պիտի լիներ: Փոքր պայուսակով և ջինսի շալվարով էի: Դա հնարավոր չէ առանց ծալելու, ճմրթելու ինչ-որ տեղ պահել: Դա պիտի լիներ նորմալ վիճակում: Ինձ ասացին՝ քվեաթերթիկը հանել եք, Ձեզ տեսել են՝ ոնց եք հանել, ասացի՝ ո՞վ է տեսել, բերեք, թող ասի: Ինձ ասացին՝ գուցե հո՞վ եք արել դրանով, ասացի ոչ, ես թղթով հով չեմ անում: Ասացին՝ լավ»:
«Ինքնիշխան Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն հանել է գրպանների պարունակությունը, պայուսակինը՝ ևս: Դրանից հետո ոստիկանական բաժանմունքում թղթի վրա շարադրել են կատարվածը և խնդրել ստորագրել: Նարինե Մարտիրոսյանը խնդրել է իրեն տրամադրել կրկնօրինակը, չեն տվել, խնդրել է լուսանկարել, թույլ չեն տվել: Ասել են՝ հազար անգամ կներեք, ցտեսություն:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտաք կատարվածին, Նարինե Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրենք լավ էլ գիտեն, որ ես «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից եմ, իմ անունը երրորդ համարն է և քվեաթերթիկի վրա գրված է: Հատուկ կուսակցության դեմ էր նրանց գործողությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ