«Ես 2018-ի խորհրդարանական ընտրություններին չեմ հետևել, բայց ես այստեղ եմ եղել 2014 թվականին, ու տեսնում եմ՝ այս ընտրություններն ավելի լավ են կազմակերպված»,- հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ այս ընտրություններն ավելի լա՞վը կլինեն, քան 2018-ին անցկացվածները, այսպես պատասխանեց Հայաստանում արտահերթ ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Կարի Հենրիքսենը: Նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահներից մեկն է:
Նա այս պահին դժվարացավ ամբողջական գնահատական տալ ընտրությունների ընթացքին: Իր սեփական դիտարկումների մասին ասաց. «Անձամբ ես դիտորդական առաքելություն եմ իրականացրել ցույցերի և հանրահավաքների հետ կապված Երևանի կենտրոնում: Կարծում եմ՝ այդ հանրահավաքները կազմակերպված էին նորմալ, խաղաղ: Դա իմ անձնական կարծիքն է»:
Կարի Հենրիքսենը հայտնեց՝ իրենց առաքելության անդամները դիտորդական առաքելություն են իրականացնում ՀՀ ամբողջ տարածքով: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ ընտրատեղամասում են իրականացնում դիտորդական առաքելություն, նա պատասխանեց. «Մենք չենք կարող ընտրատեղամասերի կոնկրետ թիվ ասել մինչև մեր դիտորդները մեզ չտրամադրեն տեղեկանքներ իրենց դիտորդական առաքելության արդյունքում ստացված արդյունքների վերաբերյալ: Մեր դիտորդներն ուսումնասիրել են քարոզարշավի ընթացքը, ուսումնասիրում են ընտրությունների ընթացքը: Մենք բոլոր տվյալները կհամադրենք և կստանանք ընդհանուր արդյունքները:
Լրագրողների հետ զրույցում Կարի Հենրիքսենը հավաստիացրեց՝ ժողովրդավարության տեսանկյունից կարևոր է ազատ և արդար ընտրությունների անցկացումը և շեշտեց. «Հատկապես կարևոր է, որ յուրաքանչյուր անձ կարողանա ունենալ իր ընտրությունը գաղտնի պահելու իրավունք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ