Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով. ԱԳՆ

Հունիս 20,2021 14:24

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը:

Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների:

Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար:

Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։

Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։

Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով:

Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ: Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։

Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:

Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930