Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ 24 քվեաթերթիկը չկա, պակաս են, 24-ն եմ ուզում ընտրեմ». 7/47-ում տատիկն ու օգնողը ոչ մի կերպ չէին գտնում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը

Հունիս 20,2021 14:20

7/47 ընտրատեղամասում վաղ առավոտից կուտակումներ են: Մոտ 2 տասնյակ քաղաքացիներ ընտրատեղամասի մոտ են հավաքված, այդքան էլ՝ ներսում:

Ժամը 12:30-ի դրությամբ այդ ընտրատեղամասում 1987 ընտրողից 426 ընտրող էր մասնակցել քվեարկությանը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ մոտ 20 րոպե այդ ընտրատեղամասը հոսանքազրկված է եղել, բայց սարքերը աշխատել են, գործընթացը խափանված չի եղել: Հարցին՝ որեւէ խախտում եղե՞լ է այս պահի դրությամբ՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Գրանցամատյանում գրանցել ենք, բայց ինքը խախտում չհամարենք, ուղղակի դիտորդները, վստահված անձինք ցանկացել են, մենք գրանցել ենք: Քվեաթերթիկները մի կուսակցությունից 2 հատ է տրամադրվել քաղաքացուն: Սխալմունքի հետեւանք է, մեծ մարդ էր: 2-ական են տվել 9 եւ 19 քվեաթերթիկները, ուղղակի ձեռքի աշխատանքի հետ է կապված, որովհետեւ դժվար է շատ»:

Նշենք, որ թիվ 9 քվեաթերթիկը «Լուսավոր Հայաստանինն» է, 19-ը՝ «Ազգային օրակարգ» կուսակցությանը:

7/47 ընտրատեղամասում մեր ներկայության պահին մի տատիկ տեւական ժամանակ՝ մոտ 15 րոպե քվեաթերթիկների մեջ փնտրում էր իր ուզածը ու չէր գտնում: Տատիկը շփոթված ողջ քվեաթերթիկները քվեախցից դուրս էր հանել, հաշվում ու հաշվում էր, մատերը թքոտում ու նորից թերթում, ոչ մի կերպ չէր գտնում: Հանձնաժողովի նախագահը հորդորեց մեզ չնկարահանել՝ պատճառաբանելով, թե գաղտնիության ռեժիմն ենք խախտում. «Ինքը բացահայտ ցույց է տալիս»: Բացատրեցինք, որ երբ ընտրողը քվեարկության ընթացքը ցուցադրում է, դա ԶԼՄ-ի խախտումը չէ, պետք է տատիկին հորդորեն մտնել քվեախցիկ:

Ավելի ուշ տատիկի համար օգնող գտան: Օգնողը մտավ քվեախցիկ, միասին սկսեցին փնտրել թիվ 24 քվեաթերթիկը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի: Հետո ահազանգեց. «Ո՞ւմ ենք դիմում, պակաս է այստեղ քվեաթերթիկը, 24-ը չկա»: Հանձնաժողովի նախագահը հորդորեց քվեաթերթիկները դուրս բերել ու բոլորի աչքի առաջ թերթել: Թերթելուց հետո թիվ 24 քվեաթերթիկը գտնվեց, հավանաբար երկու քվեաթերթիկ կպել էին իրար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930