Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ քարոզարշավի ընթացքում մինչև քվեարկության օրը ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք:
Ընթացք է տրվել 124 դեպքին, իսկ 120-ը, ըստ նրա, չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար. «Նշված առերևույթ հանցագործության 124 դեպքերից 30-ը գրանցվել է Երևանում, իսկ մնացած 94-ը՝ մարզերում: Սյունիքի մարզ՝ 20 դեպք, Շիրակի մարզ՝ 13 դեպք, Գեղարքունիք՝ 12, Արարատ՝ 12, Վայոց ձոր՝ 7, Արագածոտն՝ 7, Լոռի՝ 11, Կոտայք՝ 6, Տավուշ և Արմավիր՝ 3-ական»:
Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ այդ 124 հաղորդումները հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին ՝ 35 դեպք, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ 15 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 16 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն՝ 2 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 27 դեպք, այդ 27 դեպքերից 25-ը քարոզչական պաստառների վնասման դեպքեր են, խուլիգանության, ծեծի, սպառնալիքի 15 դեպք և այլ բնույթի 13 դեպք:
«Արձանագրված դեպքերից 67-ը ընտրական իրավախախտումներ են, իսկ 57-ը ունեն այլ բնույթ: 124 դեպքերից ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ: 2-ով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, 25-ը ուղարկվել է նախաքննություն, 95 դեպքով նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Իսկ այսօր՝ քվեարկության օրը, արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակել և ստուգվում են որպես պատահար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող մեկ դեպքը պատահել է Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում. «7 հաղորդումները հիմնականում վերաբերում են 1-ից ավել քվեարկելուն՝ 4 դեպք, քվեարկության գաղտնիության խախտելուն՝ 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 1 դեպք, մարմնական վնասվածքին՝ 1 դեպք: Արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի»:
Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ հունիսի 19-ից ոստիկանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ ծառայություն. «Այս պահի դրությամբ մենք ունենք 24 ահազանգ, որոնք վերաբերել են ընտրակաշառքին, ընտրատեղամասերում կուտակումներին, տեխնիկական բնույթի խնդիրներին: Ահազանգերից բոլորը ուղղորդվել են տարածքային ստորաբաժանումներ, ներկայումս գտնվում են ստուգման փուլում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ