Առավոտյան ժամը 11-ի հատվածում հարավ-արեւմտյան թաղամասի մի շարք ընտրատեղամասեր հոսանքազրկված էին: Հոսանք չկար թիվ 7/46, 7/47 ընտրատեղամասերում, բայց ընտրությունների ընթացքը խափանված չէր: Հանձնաժողովների նախագահներն այդ տեղամասերում մեզ հետ զրույցում ասացին, որ գրանցող սարքերը հնարավորություն ունեն 4-5 ժամ աշխատել առանց հոսանքի:
7/46 ընտրատեղամասում քվեարկեց «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը: Մեր հարցին՝ ձեզ մտահոգո՞ւմ է, որ ընտրատեղամասերն այս թաղամասում հոսանքազրկվել են՝ Նորիկյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այս շենքում եմ բնակվում, ինձ համար էլ տարօրինակ էր, հազվադեպ են մեզ մոտ լույսերն անջատում ու ինձ համար իսկապես հասկանալի չէ, թե հենց այս օրը այս ժամին ինչպիսի խնդիր կարող էր առաջանալ, որ կհոսանքազրկվեր տարածքը»:
Կարդացեք նաև
Նորիկյանն ասաց, որ եթե միտումնավոր հոսանքազրկած լինեն՝ քաղաքական նպատակներով ու ընտրական գործընթացի վրա ազդելու համար, կհամարի, որ դա մեծ խայտառակություն է. «Կհամարեմ, որ հերթական սադրանքն է, որով փորձ է արվում հին բարքերին վերադառնալ: Իսկ եթե վթար է առաջացել, պատկան մարմինները պետք է հստակ պատճառները ներկայացնեն»:
Նշենք, որ մոտ 20 րոպե անց հոսանքը վերականգնվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ