Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան․ «Եթե մտնենք, մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան»

Հունիս 20,2021 13:18

«Ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինենք, այ դրա օգտին եմ քվեարկում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ առաջին ղեկավար, արտահերթ ընտրություններին մասնակցող «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։

Ընտրախախտումների՝ քվեաթերթիկների վրա նշումներ անելու, կրակոցների, ընտրատեղամասերից մեկի մոտ կրակոցների մասին էլ պարոն Բաբայանն ասաց․ «Մարդիկ պետք է հանգստանան, հանգիստ լինեն։ Ընտրություն է, ոչ դրանով սկսվում է, ոչ էլ դրանով ավարտվում։ Հանգիստ ընտրություն անեն, մեկ է, ժողովուրդն է ընտրում, ոչ կրակոցից են վախենում, ոչ էլ էն մյուսից»։

Սամվել Բաբայանն ասաց, որ ընտրությունների ժամանակ լարվածություն լինելու է, որովհետեւ, ըստ նրա, 26 կուսակցություններից 3-4 կուսակցություն է անցնելու․ «Մնացածը պարտվելու են եւ պիտի լարված լինեն, բա ի՞նչ պիտի անեն, մարդիկ չարչարվել են, որ ժողովրդի վստահություն չեն ստացել, պիտի լարվածություն լինի։ Դա բնական է»։

Հարցին՝ տեղեկություն ունի՞ Արցախից Հայաստան եկած քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու մասին, պարոն Բաբայանը պատասխանեց․ «Որքան տեղյակ եմ, Արցախի բնակիչը չի կարող ՀՀ-ում քվեարկի։ Եթե գրանցում չունի, ինչպե՞ս կարող է քվեարկի։ Երբ ես Արցախում ընտրություններին ուզում էի մասնակցեի, ինձ ասացին՝ դու արցախցի չես, գնա ձեր Երեւանը, չգրանցեցին»։

Պարոն Բաբայանն ասաց, որ հետընտրական զարգացումները կախված են ընտրությունների արդյունքներից, ժողովրդի քվեից․ «Եթե 1-ին ու 2-րդ տեղերի ձայների տարբերությունը մեծ լինի, ապա բախումներ չեն լինի։ Բայց եթե դա շատ փոքր լինի, իհարկե լինելու են բախումներ»։ Ըստ Բաբայանի, ինքը պայքարում է պաշտպանության ոլորտի համար, եթե անցնեն խորհրդարան, ապա իր խոսքով ասած՝ մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան, զբաղվենք երկրի պաշտպանությամբ»։ Ընդ որում, կոալիցիա կարող են կապել, ըստ Բաբայանի, ցանկացած ուժի հետ, եթե գաղափարական հակասություններ չեն լինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930