Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ վարչական ռեսուրսներ կիրառում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը». Արթուր Սաքունց

Հունիս 20,2021 13:06

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության կողմից ներկայացրեց հունիսի 7-20-ն ընկած տվյալների ամփոփ նկարագիրը: Նշեց, որ տեղեկությունները, ահազանգերն ու դիտարկումները քարոզարշավի շրջանում ստացվել են հնարավոր բոլոր աղբյուրներից, ներառյալ` կուսակցությունների, դաշինքների նախընտրական շտաբերի հետ հարցազրույցների միջոցով:

Ի թիվս այլնի, հայտնեց, որ իրենց դիտորդների արձանագրած բռնություններն ու ճնշումները 9-ն են նախընտրական ժամանակահատվածում, աշխարհագրությունը լայն է` Գյումրի, Արմավիր, Փարաքար համայնք, Երեւանի 16-րդ թաղամաս, բարեգործության եւ ընտրակաշառքի դրսեւորումների, սպառնալիքների թիվը իրենց ունեցած տվյալներով 25 է: Դրանք եւս գրանցվել են տարբեր մարզերում:

Արթուր Սաքունցն ասաց, որ ընտրակաշառքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել իրավապահ մարմիններին: Նրա խոսքով ընտրակաշառքները եղել են եւ գումարի եւ բնամթերքի տեսքով, գումարայինի չափը տատանվել է 20000-100000 դրամի սահմաններում: Սաքունցը խոսելով վարչական ռեսուրսների կիրառման մասին, այս ընտրությունները հատուկ որակեց: «Առաջին անգամ վարչական ռեսուրսներ կիրառում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը…»,-ասաց նա:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների դիտարկման արդյունքները: Ասաց, որ դիտարկվել է 5 հեռուստաալիք`Հանրայինը, Երկիր մեդիան, Արմնյուզը, Կենտրոնը եւ 5-րդ ալիքը, ինչպես նաեւ 5 լրատվական կայք` 1in.am-ը, Armtimes.com-ը, Aravot.am-ը, Tert.am-ը, News.am-ը. «Այս պահի դրությամբ հեռուստատեսությունների կողմից չենք հայտնաբերել վարչական խախտումներ, բայց նկատել ենք մի շարք հետաքրքիր դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն կխոսենք ամփոփիչ զեկույցում: Դիտարկված հեռուստաալիքներում ամենաշատ լուսաբանված ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930