Aravot.am-ն այսօր «Ազատ հայրենիք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անդրեաս Ղուկասյանից հետաքրքրվեց` դաշինքի շտաբն ընտրախախտումների, կեղծումների, մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելու ահազանգեր ստացե՞լ է:
Ի պատասխան պարոն Ղուկասյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման ահազանգ չեն ստացել, բայց ունեն խումբ, որն աշխատում է այդ տեղեկությունները հավաքագրելու համար:
Ասաց, որ քարոզարշավի ընթացքում դրամական խոստումներ, հարկադրանք՝ քվեարկելու և այլ դեպքերի ականատես եղել են և դրանց վերաբերյալ առաջիկայում կխոսեն:
Կարդացեք նաև
Անդրեաս Ղուկասյանը քվեարկելու էր եկել Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/59 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ Անահիտ Ազիզյանի տվյալներով՝ 1976 ընտրող կա: Այստեղ առավոտից ընտրողների մեծ հերթ էր գոյացել: Ժամը 11:30-ի դրությամբ ընտրության էր եկել 281 ընտրող:
Անդրեաս Ղուկասյանի խոսքով՝ այս քարոզարշավն աննախադեպ էր հայհոյանքով ու բռնության սպառնալիքներով, իսկ ընտրակաշառքի առումով էլ շատ նման 2017 թվականի ընտրություններին:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ