«Կասկածո՞ւմ եք»,- այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի։
Ռոբերտ Քոչարյանը քվեարկության էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակցության ձեւաչափին վերաբերվող հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի՝ դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:
Ի պատասխան դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության մասին հարցին, որտեղ նա ուղղորդում էր իր աշխատողներին մասնակցել ընտրություններն ու քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմքեր կային ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտահայտություն է»:
Կարդացեք նաև
Իսկ լռության օրը Նիկոլ Փաշինյանի կողմից խախտման մասին էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բարեբախտաբար ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որեւէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում եւ շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»:
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին հարցին էլ ի պատասխան Քոչարյանը հորդորեց՝ իրադարձություններից առաջ չընկնել. «Ընտրություններից հետո կերեւա»:
Իշխանության գալու դեպքում Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի գործերի վերաբացման կամ լրացուցիչ քննության մասին հարցերին Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ