Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը հունիսի 20-ին, ժամը 8։00-ին, երբ բացվեց Կապանի 35/10 ընտրատեղամասը, առաջին ընտրողն էր։ Մինչեւ քվեարկություն կատարելը՝ Գեւորգ Փարսյանը հետաքրքրվեց արդյո՞ք քվեաթերթիկների վրա տպագրական ավելորդ նշումներ կան։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ նման քվեաթերթիկների չեն հանդիպել։
Հանուն ինչի քվեարկեցիք՝ Aravot.am-ը հարցրեց Կապանի համայնքի ղեկավարին։ «Հանուն ուժեղ Հայաստանի, ես հավատում եմ, որ կգա այդ օրը, որ կունենանք ուժեղ Հայաստան, դրա կարիքն ունենք»,–ասաց Գեւորգ Փարսյանը։
Եթե Կապանում Փարսյանի նախընտրած ուժը առավել քանակությամբ քվե չստանա, արդյո՞ք հրաժարական կտա։ «Ոչ, վերջիվերջո ինձ վստահության քվե տվել են կապանցիները եւ այս ընտրությունները չպիտի որոշեն, նման որոշում պիտի կայացնեն կապանցիները»,–ասաց Փարսյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Փարսյանը կապանցիներին հորդորել էր քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Ի դեպ, Սյունիքի մարզն ընդգրկող 2 ընտրատարածքներում ձեւավորվել է 151 տեղամաս, Կապանի, Մեղրիի, Քաջարանի տարածաշրջաննները ընդգրկող թիվ 35 տարածքում՝ 76, իսկ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 տարածքում 75 տեղամաս, որից մեկը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում է։ Սյունիքի մարզի ընտրողների թիվը 105063 է, թիվ 34-ում՝ 55132, իսկ թիվ 35-ում՝ 49931։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ