«Սա քաղաքական գործընթաց է, որն ուղղորդված է երկրի ղեկավարի աթոռից կառչած Փաշինյանի կողմից»,-այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նա եկել էր մասնակցելու ի պաշտպանություն Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի ցույցին, որը տեղի էր ունենում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի բակում:
«Ե՛վ գործընթացի բնորոշիչները, ե՛ւ այն տեխնիկաները, որոնցով դա իրականացվում է, միանշանակ խոսում են այն մասին, որ այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին: Անգամ իրավական առումով, եթե դիտարկեք, կտեսնեք, որ անհապաղ, հրատապ կերպով, առանց փորձաքննություն նշանակելու, նախաձեռնել են ձերբակալման ինչ-որ քայլեր: Մինչդեռ բազմաթիվ այլ դեպքերում, երբ ակնհայտ էր, որ վարչական մեծածավալ ռեսուրս է կիրառվում Նիկոլի հանրահավաքին մարդկանց բերելու համար՝ գործերն օրերով ուսումնասիրվում են»:
Արա Սաղաթելյանի խոսքով, փորձում են ընտրողական արդարադատություն իրականացնել, ինչը տեղավորվում է քաղաքական հետապնդման շրջանակներում. «Մարդիկ իրենց ընտրությունը կատարելու են, եւ մենք ազատվելու ենք այս փնթի, պետությունն իրենց խաղալիքը դարձրած, հանկարծակի իշխանության եկած մարդկանցից: Բոլոր նրանք, որոնք մասնակցել են այս քաղաքական հետապնդումներին, պարտադիր պատասխանատվության են ենթարկվելու, որովհետեւ ուսադիրները նրա համար չեն, որ գործիք դառնաս ինչ-որ մեկի ձեռքին»:
Կարդացեք նաև
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի Վնասվածքաբանության բաժնի ղեկավար Սահակ Սարիբեկյանի խոսքով, որը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին, Արմեն Չարչյանը մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման եւ մի քանի սերունդներ է կրթել, սակայն այսօր մարդիկ, որոնք երկրի զարգացման գործում մեկ լումա չեն ներդրել, փորձում են «շինծու պատճառներով ձերբակալել մի մարդու, որի ներդրումը Հայաստանի առողջապահության համակարգում անչափելի է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ