«Կան անվտանգային խնդիրներ, որոնք այդքան էլ տեսանելի չեն, բայց շատ կարեւոր են: Խոսքը ջրային անվտանգության մասին է: Սյունիքում եւ Գեղարքունիքում 11 հազար հեկտար ադրբեջանական ուժերի կողմից գրավելը նաեւ նպատակ ուներ այդ մարզերի գյուղերին ջրային ռեսուրսներից զրկելու»,-այսօր «Պատրիոտ» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը դրանով խնդիր է լուծում՝ ոչ միայն ռազմական առումով, այլեւ Հայաստանին տնտեսապես ջլատելու:
Նրա խոսքով, իշխանությունները պատճառաբանում են, թե դրանք անմարդաբնակ տարածքներ են, բայց, օրինակ՝ ադրբեջանցիների կողմից օկուպացվել է նաեւ «Վարդենիսի յայլան», որը, որպես ամառատեղի, նշված է նաեւ Խորհրդային միության քարտեզում:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով, մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջան. Մերձավոր Արեւելքում փոխվում է այն քարտեզը, որը հիմնադրվել է շուրջ 100 տարի առաջ: Ըստ նրա, այն հենց հիմա քանդվում է, եւ տեղի են ունենում ուժերի հավասարակշռում եւ այդ գործընթացում թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են հարմար դիրքավորվել. «Մեր հարեւան երկու երդվյալ թշնամիները փորձում են խաղալ համատեղ ուժերով եւ անվտանգության համակարգը, որի հիմնական ճարտարապետը Թուրքիան է, Ադրբեջանի կողմից ամբողջովին որդեգրվել է: Դա ենթադրում է Հարավային Կովկասում ռազմավարական մոբիլ գործակցություն, որի միջոցով կարձագանքեն մարտահրավերներին: Դրա առաջնային գործիքներից մեկը Մեղրիի միջանցքն է»:
Ըստ թուրքագետի. «Այդ միջանցքը, որը մեզ փորձում են ներկայացնել, որպես ճանապարհի ենթակառուցվածք, իրականում այդ համակարգի սնուցող երակն է լինելու: Այդ միջանցքն այսօր կարելի է համարել Թուրքիայի համար թիվ մեկ աշխարհաքաղաքական խնդիրներից մեկը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Վերջերս Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ կնքված հռչակագրին, Ըստ Վարուժան Գեղամյանի, ամենայն հավանականությամբ, Թուրքիան Շուշիում կբացի հյուպատոսություն եւ Արցախին մոտ տարածքում՝ ռազմաբազա կհիմնադրի: «Բուն հյուպատոսության բացումը հուշում է, որ հյուպատոսությունը ծառայելու է ռազմաբազային»:
Նրա խոսքով, հռչակագրում կետ կա նաեւ Կարսի պայմանագրի մասին, որով պետք է Հայաստանին պարտադրվի ճանաչել այն: Ըստ Էդգար էլբակյանի, եթե Հայաստանի իշխանությունները ճանաչեն այդ պայմանագիրը, ապա Վայոց Ձորի մարզից եւս տասը գյուղ կանցնեն հակառակորդին:
Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով, Հայաստանի անվտանգությունը ապահովող միակ գործոնը մնացել են ռուս խաղաղապահները. «Եկեք մտածենք՝ ինչ կլինի Հայաստանում, եթե Դոնբասում իրավիճակը սրվի եւ այստեղ ռեսուրսները չհերիքեն՝ իրադարձությունները ուշադրության կենտրոնում պահելու»: Կարեն Վրթանեսյանն ասաց, որ խաղաղության սպասել պետք չէ եւ խաղաղության միակ շանսն այն է, որ բոլորով մոբիլիզացվենք եւ սպասենք հաջորդ պատերազմին:
Խոսելով Ադրբեջանի հետպատերազմյան ռազմավարությունից, ռազմական փորձագետն ասաց, որ այն է, Հայաստանին առավելագույնը խեղդելն է. «Խնդիրը մեզ խեղդելն է, բոլոր առումներով մեր ձեռքերը կապելն է ու մեզ չթողնել զարգանալ»:
Ըստ Կարեն Վրթանեսյանի, դրանք դատարկ սպառնալիքներ չեն եւ դրա հետեւում ռեալ քաղաքականություն եւ գործողություներ են: Այդ գործողություններից մեկը Քարվաճառից ու Քաշաթաղից հայկական զորքի դուրսբերումն էր, ինչը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Քարվաճառը եւ Քաշաթաղի բարձունքները զիջելը Ադրբեջանի համար երկրորդ հաղթանակ էր: Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված չէր, որ Զանգելանի, Կուբաթլուի դիրքերը պետք է զիջենք, բայց դրանք էլ հանձնեցին. «Սյունիքի այդ դիրքերի հանձնումը բերեց նրան, որ Կապան քաղաքն անմիջապես հայտնվեց թշնամու ուղիղ թիրախավորման տակ: Ավելին, Կապանի օդանավակայնն ուղիղ նրանց դիրքերի տակ է, որը չենք կարող օգտագործել:»
Կարեն Վրթանեսյանի խոսքով, նույնը փորձում են անել Գորիսի հետ՝ մտնելով Սեւ լճի եւ իշխանասարի տարածք. «Գեղարքունիքում էլ ճակատով 24 կիլոմետր եկել են առաջ 3,5 կիլոմետր խորությամբ, զբաղեցրել են դիրքեր, որոնք վերահսկում են դեպի Քարվաճառ տանող հատվածը: Քարվաճառը իրենց համար խոցելի կետ է հիմա էլ, այդտեղով մայր Ադրբեջանի հետ կապը շատ վատ է: Եթե սկսվեն ռազմական գործողություններ, նրանց համար զորք բերելը շատ դժվար է լինելու: Բայց եթե այդտեղ հաստատվեն, գնալով իրենց դիրքերը սնուցող ճանապարհները լավացնելու են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ