Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով․ հայտարարություն

Հունիս 19,2021 19:31

Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա  արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:

Նկատի ունենալով, որ նման դրսևորումները կարող են տարածական լինել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է: Ցանկացած եղանակով այդ իրավունքի խախտումը, ցանկացած միջոցով ընտրողի քվեարկությունը պարզելուն, քվեարկության բացահայտմանը հարկադրելուն ուղղված գործողությունը քրեական հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով:

Անհրաժեշտ է իմանալ, որ ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով: Բոլոր ընտրատեղամասերում իրականացվելու են վերահսկողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները նաև տեխնիկապես նման հնարավորությունը բացառելու համար:

Հետևաբար քվեարկության արդյունքը նմանատիպ միջոցներով բացահայտելու մասին հավաստիացումները, նախազգուշացումները սին են, հետապնդում են ընտրողներին վախ ներշնչելու, բարոյա-հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով նրանց՝ իրենց համար նախընտրելի քվեարկությանը, ինչպես նաև կատարած քվեարկության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելուն հարկադրելու նպատակներ:

Ընտրությանը մասնակցել պատրաստվող քաղաքացիները կարող են լիարժեք վստահ լինել, որ իրենց քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է, իսկ որևէ ձևով այն խախտելու փորձ կատարողները ենթարկվելու են քրեական խիստ պատասխանատվության:

Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրողներին կոչ է անում որևէ պարագայում չհավատալ քվեարկության արդյունքների բացահայտելիության վերաբերյալ նախազգուշացումներին, չտրվել հոգեբանական ներգործության այդ միջոցներին և ընտրության քաղաքացիական պարտքը կատարել՝ առաջնորդվելով սեփական համոզմունքներով:

Կոչ ենք անում նաև այլոց կողմից քվեարկության արդյունքներին հասու դառնալու նպատակով գործադրվող հնարավոր նախապատրաստական միջոցառումների, իսկ քվեարկությանը օրը՝ նաև հնարավոր նման դրսևորումների ականատես լինելու, առնչվելու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930