Հունիսի 19-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Ալեքսեյ Սանդիկովը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը հանդիպեցին հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքի եւ էներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկիի գլխավորած ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ:
Խմբակցությունների ներկայացուցիչները կարեւորեցին դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ներկայությունը ընտրական գործընթացին:
Դիտորդական պատվիրակության անդամները ներկայացրին առաքելության մանդատը եւ ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:
Կարդացեք նաև
Խմբակցությունների ներկայացուցիչները, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, նշեցին, որ թեեւ այն անցել է լարված մթնոլորտում, բայց, այդուամենայնիվ, հույս ունեն, որ դա չի անդրադառնա ընտրական գործընթացի վրա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ընդգծեցին, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել նախընտրական քարոզչության հավասար պայմաններ:
Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան՝ արդար, ազատ ու թափանցիկ: ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամները եւս լիահույս են, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն օբյեկտիվ, առանց խախտումների:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ