Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանի հարցի քննությանը դատախազն ու քննիչը չէին ներկայացել, բայց դատարանն առանց նրանց դատն արեց

Հունիս 19,2021 19:05

Քիչ առաջ ավարտվեց «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը: Այն տեղի ունեցավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Ըստ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի, քննիչը եւ դատախազը չէին ներկայացել դատական նիստին եւ ներկայացրել էին դիմում՝ խնդրելով դատական նիստը հետաձգել: Պաշտպանն ասաց, որ նրանց բացակայությունը եղել է անհարգելի, ուստի դատարանին խնդրել են, որպեսզի դատական նիստը շարունակի մեղադրողների բացակայության պայմաններում, ինչը դատարանը բավարարել է:

Հիշեցնենք, որ երեկ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, ձերբակալվեց՝ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, ինչի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ:

Նրան մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Պաշտպանի խոսքով, կատարվածը, բացառապես, քաղաքական հետապնդում է. «Չենք կարող խոսել իրավական գործընթացի մասին, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք որ նշված են, առհասարակ աղերս չունեն իրավաբանության հետ»:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի երեկոյան ժամը 20:00-ին:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը, որը նույնպես պաշտպանում է Արմեն Չարչյանի շահերը, ասաց. «Արմեն Չարչյանը փրկել է հազարավոր կյանքեր: Երեք պատերազմների մասնակից է, եւ այնպես է ստացվել, որ հենց պրոֆեսորի մոտ կան առողջական խնդիրներ: Այստեղ բարոյական իմաստով ես ճգնաժամ եմ համարում Հատուկ քննչական ծառայության մասով: Չնայած նրան, որ քննիչը շատ լավ գիտեր, որ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, այսօր չներկայացան դատական նիստին»:

Նրանց չներկայանալն, ըստ պարոն Վարդեւանյանի, այսօրվա նիստը տապալելն էր:

Ի պաշտպանություն Արմեն Չարչյանի այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչներ,  հավաքվել էին դատարանի բակում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930