Հայաստանը տրածաշրջանի թատերաբեմ է դարձել, որտեղ հայ-ադրբերաջանական հակամարտության հիմքում տեղի են ունենում գլխավոր խաղացող տերությունների դիրքերի վերադասավորումներ: Այդ համատեքստում մենք էլ մեր ներքաղաքական խնդիրներն ենք փորձում լուծել, թեեւ ակնհայտ է, որ ինչպիսի ղեկավար էլ ունենանք, մոտ ապագայում Հայաստանի հետ հաշվի նստողներ այսուհետեւ չեն լինելու:
Ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, նոր մարտահրավերների ու սպառնացող վտանգների մասին «Ազգ»-ի զրույցը քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ է:
– Պարոն Ազատյան, հայաստանյան քաղաքական իրադարձությունները դրսից՝ Սփյուռքից, ձեր դեպքում՝ ԱՄՆ-ից, ինչպե՞ս են ընկալվում, ի՞նչ արձագանք են ստանում: Հիմա Հայաստանում եք. այդ ընկալումներն ու արձագանքները այստեղից ինչպիսի՞ն են:
– Սփյուռքից գալով Հայաստան՝ այստեղի քաղաքական պատկերը, հանձինս քաղաքական գործիչների, դիմագիծ է ստանում՝ իրենց կողմնորոշումներով ու տեսակետներով: Ներսում պատկերը բոլորովին այլ է, իսկ Սփյուռքում նման ընկալումներ ստանալը հնարավոր չէ, որովհետեւ իրադրությանը կարող ենք հետեւել միայն հեռվից հեռու՝ լուրերի միջոցով: Սփյուռքն այդ տեսակետից հայաստանյան իրադարձությունների բազկերակից հեռու է, հետեւաբար, հնարավոր է ավելի սառը դատողություններ անել, որոնք հրատարակվում են, օրինակ, ՌԱԿ «Պայքար», Mirror-Spectator, «Ազգ» եւ մեր մյուս թերթերում:
Կարդացեք նաև
Հայաստանով հետաքրքրվելը հիվանդություն է, եթե տառապում ես այդ հիվանդությամբ, ուրեմն այն անբուժելի է:
Հայաստան գալով՝ տեսա, որ մարդիկ ամբողջովին ընդգրկված են ընտրապայքարի մեջ, կենաց եւ մահու կռիվ են մղում. սա մեզ համար մի քիչ անհասկանալի իրավիճակ է: Այս մեկ տարվա իրադարձությունները, որ վերջին մեկ դարվա տագնապների խտացումն էին, պատերազմի պարտությունը, հազարավոր զոհերն ու իրենց վերքերը դեռ չբուժած վիրավորները՝ մի կողմ, ժողովուրդը խելակորույս կերպով մտել է պայքարի մեջ: Դրսի աչքի համար սա անհասկանալի ու տարօրինակ պատկեր է, բայց ներսում գտնվելով՝ պարզ է դառնում, որ Հայաստանում կենսական նշանակություն ունեցող դեպքեր են տեղի ունենում:
Հունիսի 20-ին Հայաստանի ճակատագիրը պետք է վճռվի. ժողովուրդն արմագեդոնի մթնոլորտում է ապրում:
– Հայաստանում լարված, ագրեսիվ, անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտ է տիրում: Սփյուռքին այդ ազդակները հասնո՞ւմ են:
– Մենք եղածից դասեր չենք քաղել, կողք կողքի չենք կանգնում, որպեսզի թշնամու դեմ միասնաբար պայքար մղենք: Թշնամին, դժբախտաբար, Հայաստանի սահմանների վրա է, վաղը նորից է հարվածելու. ու սա ոչ թե ենթադրությունն է, այլ իրական փաստ:
Վերջին երկու-երեք տարում Ալիեւի, Էրդողանի հայտարարությունները մակերեսորեն ընդունվեցին, մինչդեռ նրանք շատ լուրջ էին տրամադրված. եւ հետեւանքը մենք տեսնում ենք: Նրանք պատմական առաքելություն ունեն, որը պետք է կատարեն՝ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու գնով: Այս պայթյունավտանգ իրավիճակում ընտրություններ անցկացնելն աբսուրդ է: Մեկը մուրճն է վերցրել, մյուսը դիմացինին ջախջախել է ուզում, մինչդեռ երկիրն է ջախջախվել ու շարունակում է ջախջախվել:
Հայաստանից տարբեր երկրներ տեղափողված հայերի շրջանում, այսինքն՝ ոչ ավանդական Սփյուռքում, նույն հայաստանյան պատկերն է: Ինչպես Հայաստանն է բաժանված, նույն բաժանումն այնտեղ է: Հայաստանյան Սփյուռքն անընդհատ հետեւում է այստեղի իրադարձություններին, որովհետեւ նրանց հարազատներն այստեղ են ապրում, եւ անմիջականորեն տեղյակ են իրավիճակին:
Իսկ ավանդական Սփյուռքն այդ աստիճանի տեղեկացված չէ, հեռակա կարգով է իրավիճակին ծանոթանում, եւ, բնականաբար, անմիջական մասնակցություն չունի:
Հարցազրույցը՝ ՆԱԻՐ ՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում