4plus.org. Մեդիա աշխարհի մարդիկ հաճախ են կարդում, դիտում, լսում, գրում ու պատմում այլոց հետ կատարված դաժան պատմությունների մասին։ Եվ կարծես թե պետք է կոփված լինենք, մեր հուզական դաշտն ու հույզերն էլ՝ մարզված, «իմունիզացված»․․․ Բայց, գոնե ինձ մոտ այլևս այդպես չէ, այդպես չէ արցախյան վերջին պատերազմից հետո։ Ես հինգ տարեկան որդուս հետ մուլտֆիլմ դիտելիս եմ անգամ հուզվում, երբ ինչ-որ կուլմինացիոն, թեկուզև դրական էպիզոդներ են։
Համոզված եմ՝ իմ շատ ու շատ գործընկերներ պատերազմի հետևանքով վերապրած սթրեսներից հետո ինձ պես հուզական են դարձել, գուցե ժամանակավորապես կորցրել են նաև մասնագիտական իմունիտետը։
2021-ի մարտի 9-ն էր, հերթական ուշ գիշերը (պատերազմից սկսած օրերն ավելի են երկարել չքնելու հաշվին), երբ Ֆեյսբուքում տեսա Անուշ Քոչարյանի գրառումը՝ Նազիկ Արմենակյանի «Կարմիր Սև Սպիտակ»–ի մասին (չեմ վերապատմում, որ կարդաք)։ Դե Անուշն էնպես է գրում, որ դրդում է քլիք անել ու կարդալ։
Հենց այդ գիշեր կարդացի, ճանաչեցի էն չորս կանանց, ում այդքան զգույշ ու չվնասելու յուրահատուկ նրբանկատությամբ Նազիկը ներկայացնում է, այնպես, ինչպես ինքն է կարող։ Պատմում է իր հերոսների ողբերգությունների մասին պարզ, առանց ավելորդ ածականների։
Կարդացեք նաև
Կարդացի ու լաց եղա։ Ոչ թե հուզվեցի, այլ լաց եղա։
«Կարմիր Սև Սպիտակ»-ը կարդալուց հետո հասկացա, որ հենց Նազիկը պետք է պատմի մեր մի խումբ գործընկերների մասին, ովքեր անմիջականորեն անցել են պատերազմական գործողությունների միջով, լուսաբանել 2020-ի 44-օրյա Արցախյան պատերազմն ու դրա հետևանքները։
Լրագրողների կողմից իրենց կոլեգաների մասին պատմություններ պատմելն ու լրագրողական նյութեր պատրաստելը, որպես խմբագիր ու մեդիա նախագծերի հեղինակ, իմ նախընտրած ուղղություններից չէ։ Կարծում եմ, որ մեդիայի մարդիկ պետք է առաջին հերթին պատմեն այլ մարդկանց պրոբլեմների, ցավի, ձեռքբերումների, մի խոսքով` կյանքի մասին։
Շնորհակալ եմ, որ Նազիկը համաձայնեց ու ստեղծեց այս վավերագրությունը, որը, հույս ունեմ, ինչ-որ չափով կմեղմի այս նյութի կերպարների հիշողություններում մեխված պատերազմի սթրեսը․․․ Չէ՞ որ պատմելը կարող է սպեղանի լինել։
Սեդա Մուրադյան,
Հանրային լրագրության ակումբի նախագահ
Նազիկ Արմենակյան, վավերագրող լուսանկարիչ
4Պլյուս վավերագրական լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր
Ես իմ պատերազմն ունեցա․․․ Առաջին հերթին՝ որպես մայր, ոչ որպես լուսանկարիչ։
Սեպտեմբերի 27-ին մեծ տղայիս՝ Միքայելի ծնունդն էր։ Օրն սկսվեց սարսափելի լուրերով․․․ Հավաքվեցին ընկերները, հարազատները, բոլորը հավաքվեցին, ու սկսվեցին զինկոմիսարիատի զանգերը։ Հաշվառելու կանչեցին։
28-ի առավոտյան գնացինք զինկոմիսարիատ, ու Միքայելին տարան․․․
Երբ տուն եկա, նոր գիտակցեցի՝ ուր եմ ուղարկել, ինչ ա կատարվում։
Վաղինակ Ղազարյան, վավերագրող լուսանկարիչ
․․․․ Թեկուզ ֆոտոապարատով, եթե ոչ զենքով, ես պիտի էնտեղ լինեի․․․
(Ու հենց էդպես էլ գնացել էի՝ վայեննի բիլետով, որ, եթե հանկարծ նենց լինի, որ պետք լինի զենք վերցնել, վավերագրումը կթողնեմ։ Ու մտածում էի՝ գուցե երկար տևի, մինչև գարուն, ու ինչքան կկարողանամ կնկարեմ, հենց պետք եղավ կռվել՝ կկռվեմ․․․):
Նկարելն էլ որոշակի ձևով կռվել էր․ կռվում էի՝ թեկուզ ֆոտոապարատով․․․ Օրագիր պահելու նման մի բան էր․ զարթնում էի, որոշում էս կողմ գնալ, էն կողմ գնալ, սենց սպոնտան ու ցաքուցրիվ․․․
Անժելա Ֆրանգյան, վավերագրող, ֆիլմարտադրող
Պատերազմը խտացված կյանքն ա էլի․․․ Ամեն ինչ կա, ու տենց չի, որ մենակ էդ վախն ա, սարսափն ա․․․ Կյանքն էլ կա, զուգահեռ գնում ա էլի․․․ Հումորը (էդքան անեկդոտ, ինչքան էնտեղ էին պատմում, երևի ուրիշ մի տեղ չի եղել), միասին հաց ուտելը, հոգատարությունը (որ զինվոր էիր տեսնում, ուզում էիր ինչ կա մոտդ գրպանները լցնել)… Խտացված ձևով ու արագ ես ապրում կյանքը, զուտ հարցն ա՝ ինչքան կձգես ու ինչքանով ես պատրաստ էդ կարճ ժամանակում էդքան բան տեսնելուն․․․
Արեգ Բալայան, ՀՀ Կառավարության լուսանկարիչ
Վեշերդ վերցնում, տնից դուրս ես գալիս, ըտեղից սկսում ա․․․ Սկսում ա հոգեբանական ընդունումը, որ գնում ես պատերազմ, ու շատ հավանական ա, որ հետ չգաս։ Էդ առաջին բարիերն ա, ներքին պրոցեսը, որը․․․
․․․ Դառնում ա սովորական, ոնց որ տենց էլ պիտի լիներ․․․ Ասենք՝ դու քաղաքում ապրելուց չե՞ս մտածում չէ, որ էսօր ավտոյի տակ ես ընկնելու կամ, չգիտեմ, լիֆտի տրոսը կտրվելու ա, ու մեռնելու ես, էնտեղ էլ չես մտածում․․․ Ուղղակի ընդունում ես իրականությունը, որի մեջ կաս, ընտրում ես՝ մնաս մեջը, թե չմնաս, ինչքան մնաս․․․
Ամի Չիչակյան, «Առավոտ» օրաթերթի լրագրող
Ընթացքում է, որ հասկանում ես՝ ինչն է կարելի, ինչը՝ չէ, կողմնորոշվելու, վտանգից խուսափելու «հոտառություն» ես ձեռք բերում, սկզբում մտածում ես՝ չես կարող անցնել, հաղթահարել, հետո տեսնում ես, որ ստացվեց, որ թեստի պես անցար, որ տեսար կատարվածն ու կողմնորոշվեցիր։
Իրականում ամենածանրը կատարվածին որպես աշխատանք նայելն է․․․ Մարդկանց դժբախտությունը լուսաբանելը խնդիր ա դառնում, ու անընդհատ մտածում ես երկընտրանքի մասին, հարց ա առաջանում․ «հա լավ, էստեղ ի՞նչ եմ անում, ո՞նց եմ անում, ինչքա՞ն ա ճիշտ էս ամեն ինչը»։
Սևակ Վարդումյան, 24News լրատվական կայքի քաղաքական մեկնաբան, լրագրող
․․․ Երբ իջա ապաստարան (դե էնտեղ ավելի հով է, չէ՞․․․ սառն է․ նկուղ է ի վերջո), ինչ-որ ջերմություն զգացի, ձեռքս տարա մեջքիս, հանեցի ու տեսա արյունը։ Ասում եմ՝ լավ, երևի էդ աշխատանքային սեղանի համակարգիչն է ընկել, քերծվածք եմ ստացել։ Խորը շունչ եմ քաշում, ձեռքս ավելի վերեւ տանում ու զգում բացվածքը․․․ Վիրավորում էի ստացել։
Ռուբինա Մարկոսյան,EVN Report-ի համակարգող, խմբագիր
Ինձ թվում է՝ լրագրողներն ուղղակի անզոր էին պատերազմի ժամանակ․ դու էնտեղ ինչ-որ առաքելություն ունես, գնում ես եսիմ ինչ պատկերացմամբ, թե այ ես պիտի լինեմ պատերազմի վավերագրողներից մեկը, պիտի լինեմ աշխարհին պատմողներից մեկը, բայց քեզնից բացի ոչ մեկ դա էդպես չի տեսնում․․․
Հասկանում ես, որ էդ ընդամենը քո գլխում ա, որ էդ դու ես էդպես որոշել, որովհետեւ տղաները կռվում են, չգիտեմ ովքեր ինչ են անում, սա էլ ես պիտի անեմ, իմ պարտականությունն է․․․
Թաթուլ Հակոբյան, գրող, լրագրող
Հայ լրագրությունը պարտվեց, որովհետեւ այդքան խիզախ չեղանք։ Հիմա ամեն աստծու օր դատապարտում եմ ինձ․ այո՛, ես պիտի չվախենայի․․․․ Եվ, եթե ես և իմ նմանները լավ աշխատեինք, գուցե ժողովուրդը սթափվեր, գուցե այլ ելք լիներ, գուցե պարտությունն այսքան սարսափելի չլիներ․․․
․․․ Եվ այդ վատ աշխատանքի մեջ ես չեմ մեղադրում իշխանություններին, չեմ մեղադրում Արծրունին, չեմ մեղադրում ֆեյսբուքահայությանը․ ես մեղադրում եմ մեզ, որ բավարար չափով համարձակություն չունեցանք․․․
Այս նախագիծը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ: Դրա բովանդակությունն անպայմանորեն չի արտացոլում EED-ի պաշտոնական դիրքորոշումը: Սույն հրապարակման մեջ արտահայտված տեղեկատվության և տեսակետների պատասխանատվությունը լիովին կրում է հեղինակը:
Նազիկ Արմենակյան
Տեքստերի խմբագիր` Անուշ Քոչարյան