Լրահոս
Օրվա լրահոսը

Էսքիզներ ծանոթ եւ անծանոթ Գյուրջիեւից

Հունիս 19,2021 12:00

Ծնունդով Ալեքսանդրապոլից հայազգի մտավորական, միստիկ, հոգեւոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւը (1877-1949թթ.) ավելի հայտնի է աշխարհին, քան մեզ մոտ։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է ծննդավայրում։ Հենց այդ տարիներին ականատեսը լինելով բազմամշակույթ ազգագրական եւ միջէթնիկ երաժշտական ու պարային ավանդույթներին, Գյուրջիեւը ձեռք է բերել նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդի քրմերի, սուֆի վարպետների եւ դերվիշների հետ։

Այդ որոնումների վաղ շրջանից 20 տարի անց արդեն նա վերադառնում է Արեւմուտք եւ սկսում է դասավանդել մարդկանց, որոնք նպատակ ունեին, ինչպես ինքն էր անվանում՝ «կերտել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ»։

Գյուրջիև անսամբլը

Գյուրջիեւն իր աշխատություններում նկարագրում է մեթոդ՝ «Գյուրջիեւյան աշխատանք», որի նպատակը ոչ թե վաստակելն է, այլ աշխատանք սեփական անձի ինքնակատարելագործման համար։ Այն իր մեջ միավորում է մեթոդներ, որոնք օգտագործում են յոգերը, քրմերը, քրիստոնյաները։ Նրա մահից հետո իր սաները, հետեւորդները տարբեր երկրներում հիմնում են Գյուրջիեւյան ինստիտուտներ, որոնք այսօր էլ շարունակում են ուսումնասիրել հայ մտածողի աշխատությունները։ Ի դեպ, նրա գաղափարներից օգտվում են նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Հայաստանյան իրականությունում առաջին անգամ Գյուրջիեւին բալետային ձևաչափով անդրադարձավ Ռուդոլֆ Խառատյանը՝ իր սցենարով եւ խորեոգրաֆիայով 2015թ. բեմադրված «Զույգ արեգակներ» ներկայացմամբ, որտեղ պատմիչը Գյուրջիեւն էր, նրա միջոցով էլ կապվում են Նարեկացու, Թորոս Ռոսլինի, Արշիլ Գորկու եւ մեր ժամանակները։ Ընդ որում, ներկայացման մեջ կար բաբաջանյանական երաժշտության մի հատված, որտեղ Խառատյանը իր սեփական մեկնաբանությամբ ներկայացնում էր Գյուրջիեւի պարային շարժումները։

Այս օրերին Խառատյանը ձեռնամուխ է եղել իր սցենարով Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ «Գյուրջիեւ. Վերադարձ տուն» բալետային ներկայացման աշխատանքներին, որը կներկայացնի մեծ մտավորականի կյանքն ու գործունեությունը։ «Առավոտը» Գյուրջիեւին անդրադարձել է միայն «Զույգ արեգակների» առիթով։ Այս անգամ առիթը Գյուրջիեւի անունը կրող անսամբլի օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած համերգն էր։ Անսամբլը, որ հիմնվել է 2008թ., նախաձեռնել եւ ղեկավարում է ծնունդով Լիբանանից երիտասարդ երաժիշտ Լեւոն Էսկենյանը, ով 1996թ. ուսանելու նպատակով եկել էր հայրենիք եւ հաստատվել այստեղ։

Մեզ հետ զրույցում «Գյուրջիեւ» անսամբլի ղեկավարն ասաց, որ գյուրջիեւյան երաժշտությունը տարածելու նպատակով անսամբլի ստեղծումը իր եւ կնոջ գաղափարն էր. «Անսամբլ հրավիրեցի մեր լավագույն թվով 10 երաժիշտների՝ քանոնահար, դուդուկահար, բլուլահար, թմբկահար, թառահար, սանթուրահար, ուդահար, քամանչահար, պկուահար եւ դափահար, եւ հենց հիմնադրման տարում էլ կայացավ մեր առաջին բեմելը կամ առաջին ծրագիրը, որտեղ ներկայացվեց իմ գործիքավորմամբ եւ անսամբլի համար փոխադրած գյուրջիեւյան 17 ստեղծագործություն։

Համերգին ներկա էր մեծանուն Տիգրան Մանսուրյանը, որն էլ ձայնագրությունները ներկայացրեց հեղինակավոր գերմանական ECM Records ընկերությանը, որն էլ իր հերթին 2011թ. թողարկեց մեր առաջին CD-ն»։ Շարունակելով խոսքը, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Բաբաջանյան» համերգասրահում կայացած ծրագիրը ընդգրկում էր դարձյալ գյուրջիեւյան, թվով 16 ստեղծագործություն։

Հետո էլ հավելեց, որ այդ երեկոյին մասնակցել է նաեւ Մաշա Ալավերդյանի ղեկավարությամբ գործող «Դիվիզի» երգչախումբը եւ հնչեցրել են իր փոխադրած «Մեծ աղոթք» ստեղծագործությունը, օգտագործելով նաեւ այլ երաժշտական նվագարաններ, այդ թվում՝ տիբեթյան զանգ, հայկական եկեղեցական բուրվար եւ այլն։ Հնչել են նաեւ Գյուրջիեւի սիմֆոնիկ ստեղծագործություններից՝ փոխադրված անսամբլի համար։

Ընդ որում, դրանց պրեմիերան կայացել է 1920-ականներին, Փարիզում, սիմֆոնիկ նվագախմբի եւ գյուրջիեւյան պարի համադրությամբ։ Հետաքրքրությանը՝ ընդամենը մեկ CD է թողարկված, Լեւոն Էսկենյանը ասաց. «Երկրորդը Կոմիտաս է, շեշտը դրել եմ Վարդապետի «Մշո շօրորի» եւ «7 պարի» վրա։ Այդ դաշնամուրային եւ ընդհանրապես բոլոր ստեղծագործությունները կատարելու մասին Կոմիտասը նշել է, թե դաշնակահարը մատուցելով դրանք, պետք է իմիտացիա անի՝ հնչյունը մոտեցնելով դուդուկի, թառի կամ այլ երաժշտական նվագարանի հնչողությանը»։

Ռեպլիկին՝ փաստորեն տարածում եք ոչ միայն գյուրջիեւյան, այլեւ կոմիտասյան ստեղծագործություններ, երաժիշտը հաստատեց, նշելով, որ հանդես են եկել շուրջ 30 երկրի ավելի քան 100 քաղաքում։ Դիտարկմանն էլ, թե ստացվում է՝ արտասահմանյան շրջագայություններն են մեղավոր, որ անսամբլին հաճախ չենք հանդիպում մեզ մոտ, մեր զրուցակիցը համաձայնելով հնչեցրած մտքին, պատասխանեց. «Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում են Գյուրջիեւի ինստիտուտներ, որտեղ ուսումնասիրում են նրա մեթոդները։ Ընդ որում, մեր հայրենակիցը հսկայական ազդեցություն է թողել ոչ միայն արվեստի ասպարեզում, այլ նաեւ բիզնեսի ոլորտում եւ բժշկության մեջ։ Հենց այդ ինստիտուտներից էլ մշտապես հրավերներ ենք ստանում, օրինակ՝ «Բաբաջանյան» սրահում ներկայացրած ծրագիրը ձայնագրելուց հետո մեկնելու ենք Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Հունգարիա եւ այլն»։

Իսկ թե ինչպես աշխարհին հայտնի դարձավ «Գյուրջիեւ» անսամբլը, երաժիշտը նշեց, որ 2011-ին ECM Records ընկերության կողմից իրենց առաջին CD-ն հրատարակելուց հետո, քանի որ աշխարհը հետեւում է այդ հեղինակավոր ընկերության «պրոդուկտին»։ Հարցին՝ ժամանակակից ո՞ր կոմպոզիտորների հետ է համագործակցում անսամբլը, Լեւոն Էսկենյանը բարձրաձայնեց միայն Տիգրան Մանսուրյանի անունը, տեղեկացնելով, որ կոմպոզիտորի ստեղծագործությունը կրում է «Տուն արի» վերնագիրը եւ գրված է հատուկ իրենց անսամբլի համար՝ գումարած կլարնետ, ալտ, թավջութակ գործիքներն ու վոկալը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930