Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ հասկանալ, որ խոստանում են ներդրումներ, իրենց ունեցած գումարնե՞րն են ներդնելու…Հայաստանը իրականում ներդրումների խնդիր չունի». Փաշինյան

Հունիս 18,2021 23:30

Այսօր վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց, որ ինքը անձերի դեմ չի պայքարում, այլ՝ նախկին համակարգի. «2018-ին մենաշնորհները կորցրել են, բա մենաշնորհ կորցրածները չպիտի՞ դիմադրեն: Այո, դա պայքար է ու պայքարի արդյունքում ՀՀ-ն պետք է լինի ինստիտուցիոնալ կայացած պետություն»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով քննադատությանը, որ իրեն ընտրելով՝ միշտ պայքարի շրջապտույտի մեջ ենք լինելու, հանրային համերաշխություն չի լինելու, քանի որ մուրճով նախկինների դեմ պայքարելու մասին են խոսում:

Փաշինյանն ասաց, որ հարցեր են առաջանում՝ 3 տարվա ընթացքում ինչո՞ւ «սաբոտաժնիկներին» չեն հանել ու չեն բերել նորերին:

Նա խոսեց կրթության մասին՝ ասելով, որ 2018-ի դրությամբ մինչեւ 10 տարեկան երեխաների 30%-ը կարդալ չգիտի, 30%-ը կարդալ գիտի, բայց չգիտի մնացածը ու նորմալ կրթություն է ստացել միայն  10%-ը: Սա գիտակցված քաղաքականություն է եղել՝ երկրում ձեւավորել կեղեքող էլիտա, որ նրանք իշխեն:

Ընդդիմության քննադատությանը, որ ադմինիստրատիվ ռեսուրս են օգտագործում ու պատրաստվում են կեղծել ընտրությունները՝ Փաշինյանը արձագանքեց, որ դա աբսուրդ է, եթե իրենք են կեղծելու ընտրությունները, այդ ինչպե՞ս է, որ ընդդիմությունն է ընտրակաշառք բաժանում:

Նիկոլ Փաշինյանը խոսեց անվտանգությունից. «Անվտանգային միջավայրի խաթարումը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: Դիտարկմանը՝ նախկինների հարցը գիտենք, բայց հիմա դուք եք պատասխանատուն, ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծեք՝ Փաշինյանը պատասխանեց. «Միջազգային քաղաքականությամբ եւ դիվանագիտությամբ, միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն: Առաջին հերթին՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին: Թե ինչո՞ւ 2020-ի սեպտեմբերին այդ մեխանիզմները չաշխատեցին՝ պարզ է, որովհետեւ այդ պահի դրությամբ միջնորդներն, ըստ էության, ունեին կոնսենսուս, որ 7 շրջանները պետք է  վերադարձվեին Ադրբեջանին, ԼՂ ինքնավար մարզի տարածքի մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին: Սա երկար տարիներ տեւած բանակցային ապաշնորհ գործողությունների արդյունք է: Մենք փորձում էինք պաշտպանել ՀՀ շահերը: Հետագայի համար երկրորդ կոմպոնենտը Իրանի իսլամական հանրապետության հետ անվտանգային ոլորտում համագործակցությունն է»:

Խոսելով բանակի մասին՝ Փաշինյանն ասաց, որ եղել է սպայի հաստիք, չի եղել սպա, որովհետեւ այդ աշխատանքը մարդկանց համար գրավիչ չի եղել. «Մեր զինված ուժերի գեներալներ կան, որ տուն չունեն, վարձով են ապրում: Սա մեծ պրոբլեմ է, ո՞նց կարող է զինվորը 25 տարի ծառայի հայրենիքին ու գեներալը, գնդապետը տուն չունենա հայրենիքում, մտածի՝ երեխայիս ուսման վարձը ոնց եմ վճարելու»:

Հարցին՝ ձեր ընդդիմախոսները խոստանու են միլիարդավոր դոլարների ներդրումներ տնտեսության մեջ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ հասկանալ, որ խոստանում են ներդրումներ, իրենց ունեցած գումարնե՞րն են ներդնելու: Հայաստանում այսօր էլ միլիոնավոր դոլարներ ներդրումներ են տեղի ունենում: Հունվարին ՀՀ-ում տեղի է ունեցել աննախադեպ ծավալի օտարերկրյա ներդրումներ, եվրոբոնդեր են թողարկվել, միջազգային ինստիտուցիոնալ ընտրողներն են այդ պարտատոմսերը գնել Հայաստանի համար աննախադեպ ցածր տոկոսով՝ 3,6%-ով: Հայաստանը իրականում ներդրումների խնդիր չունի: Հայաստանը ներդրումների բովանդակության խնդիր ունի: Խոսում են օտարերկրյա կորպորացիաների մասին, բայց այսօր Հայաստանում օտարերկրյա կորպորացիաներն էլ են ներդրում անում: 2019-ին ՀՀ-ում IT ոլորտը 30%-ով աճել է: Այսօր էլ տնտեսությունը շատ ակտիվ վերականգնվում է, 23% տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրել ապրիլ ամսվա ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930