Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հեղափոխություն կարող ենք անել, բայց չենք կարող արյուն թափել». Դավիթ Սանասարյանը՝ հետընտրական զարգացումների առիթով

Հունիս 18,2021 23:13

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն այս քարոզարշավը համարում է ատելության, վատ բառապաշարի, մեծ ռեսուրսների, վարչական լծակների օգտագործման և աննախադեպ բացասական քարոզարշավ: Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավը՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Քաղաքական մշակույթը  ոչնչացնող քարոզարշավ էր: Ընտրական անկատար օրենսգրքով, խաղի կանոններով քարոզարշավ էր»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է կարծում՝ ի՞նչ ելք կունենան ընտրությունները և հետընտրական ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս քարոզարշավի արդյունքում մենք չենք ունենալու ավելի առողջ վիճակ, ներքաղաքական լարվածությունը չի թուլանալու: Հետընտրական զարգացումների հետ կապված ամեն ուժ ամեն ինչ պիտի անի, որպեսզի որևէ վատ զարգացում չլինի, քաղաքական բախումներ չլինեն, արյուն չթափվի: Հայը հայի հետ պետք է չունենա նման խնդիրներ: Մենք տարբեր մոտեցումներ ունենք, պայքարելու ենք ու քաղաքակիրթ ձևով պետք է կարողանանք նոր մշակույթ ձևավորել և քաղաքակիրթ ձևով հասնել փոփոխությունների: Մենք իրավունք չունենք: Մենք հեղափոխություն կարող ենք անել, բայց չենք կարող արյուն թափել»:

Փաստեցինք՝ նշում է, որ ընտրություններից հետո լարվածությունը չի թուլանալու և հարցրինք՝ դա ռիսկային չի՞ դարձնում իրավիճակը բախումների հավանականության առումով, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Հետպատերազմյան Հայաստանում դա մեծ ռիսկ է, քանի որ մեր թշնամին խոշորացույցով նայում է ներքաղաքական գործընթացներին և հնարավոր ամեն ինչ անում, որ վիճակն էլ ավելի լարվի, որ ապակայուն ներքաղաքական իրավիճակ ունենանք: Մենք պետք է ուղղակի խելամտություն դրսևորենք, որ թույլ չտանք վատ սցենարների զարգացումը»:

Մեր հիշեցմանը՝ քաղաքական ուժերի մեծամասնությունը դժգոհում է, որ քարոզարշավը միտումնավոր կերպով այնպես տարվեց, որ ցույց տրվի, թե մրցակցությունը Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև է և հարցին՝ դա չի՞ խանգարի քաղաքացուն ընտրություն կատարելիս, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քաղաքացուն դա շատ է խանգարում»:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց՝ իրենք քարոզարշավը սկսել են ԿԸՀ-ի սահմանած օրը, իսկ քաղաքական ուժերի մեծ մասը՝ գործող իշխանությունը, նախկին իշխանությունները՝ բոլորը, ժամանակից շուտ քարոզարշավ են սկսել: Նրա կարծիքով՝ այդ առումով կար անհավասար պայքար. «Մենք 12 օրվա մեջ փորձելու ենք քաղաքացուն ցույց տալ, որ նրանք ունեն այլընտրանք, և դա մի քաղաքական ուժ է, որի թիմակիցները գործով ցույց են տվել, որ նվիրված են պետությանը և պայքարում են Հայաստանում հանուն արդարության, պայքարում են ինքնիշխանության համար, ՀՀ-ի ժողովրդավարության համար, ՀՀ-ի անվտանգության համար՝ այդ թվում լինելով խրամատներում, պատերազմին մասնակցելով: Մենք ասել ենք՝ այն մարդիկ ենք, որ ունենք սկզբունք, և դրանից ավելի կարևոր բան չկա: Դրա համար է, որ մենք շատ քիչ ֆինանսական միջոցներ ունեցանք, կուլ չգնացինք խոշոր բիզնեսմենների կամ այլ ուժերի, որոնք ֆինանսական միջոցներ էին ուզում մեր քարոզարշավի վրա ծախսել, բայց որի արդյունքում մենք պետք է շեղվեինք մեր քաղաքական գծից, դրա համար մենք չունեցանք շտաբներ, չունեցանք քարոզչական մեծ պաստառներ, մեր համեստ քարոզարշավով կարողացանք  քաղաքացուն ցույց տալ, որ այդ այլընտրանքը կա ծրագրային տեսքով, քաղաքական գործիչների և սկզբունքին նվիրյալների տեսքով»: Դավիթ Սանասարյանի կանխատեսմամբ՝ ընտրությունը բարդ է լինելու: Ըստ նրա՝ մեծ ռեսուրսների պայքար էր գնում այս ողջ ընթացքում, բայց նաև հույս ունի, որ քաղաքացին մի կողմ կթողնի այս պարտադրված ընտրությունը և կունենա այլընտրանք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930