«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» լռության օրվա նախորդ օրը՝ այսօր, հրավիրած ասուլիսում ահազանգեց իրենց արձանագրած մի ամբողջ շարք խախտումների մասին:
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենք արդեն իսկ ստանում են ահազանգեր՝ կապված հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում նախապատրաստվող ընտրախախտումների հետ: Նա, մասնավորապես հնչեցրեց երկու ահազանգ, որոնք իրենց ստուգումների արդյունքում թվում են արժանահավատության բարձր աստիճան ունեցող: «Առաջինը վերաբերում է քրեակատարողական համակարգին, որոնց առնչությամբ ստացել ենք մի շարք ահազանգեր: Կոնկրետ Վարդաշեն, Նուբարաշեն, Արմավիր ՔԿ հիմնարկներում պետի տեղակալների կողմից սկսվել է աշխատանք դատապարտյալների հետ: Նրանց խոստացվում են բազմաթիվ «բարիքներ»՝ լրացուցիչ տեսակցություն, պայմանական վաղաժամկետ ազատվելու հետ կապված հարցեր եւ այլն»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը եւ հնչեցրեց անուններ:
«Վարդաշեն ՔԿՀ պետի տեղակալ Կարեն Գեւորգյանի , Նուբարաշենում՝ Գարիկ Ծատուրյանի, Արմավիրում՝ Եգոր Հակոբյանի կողմից ըստ մեզ հաղորդված տեղեկությունների իրականացվում է աշխատանք, որպեսզի դատապարտյալները քվեարկեն հօգուտ իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի: Մենք այս հարցով իրազեկում ենք դատախազությանը, որ անընդհատ կոչ է անում՝ դիմեք, դիմեք, դիմեք:
Երկրորդ ահազանգը վերաբերում է հիմնականում գյուղական փոքր ընտրատեղամասերին, որտեղ տեխնիկական ապահովում՝ տեսանկարահանման եւ օնլայն ռեժիմով հեռարձակման, կահավորված չէ: Մի քանի համայնքներից ստանում ենք ահազանգեր, որ այս պահին նախապատրաստվում են բաց քվեարկության որոշակի ընթացակարգեր: Նույնպես կոչ ենք անում իրավասու մարմիններին՝ այս ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որպեսզի դա բացառվի»,- ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ