Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տալու». Շիրակի մարզպետը բացառում է միջադեպերն ու բախումները

Հունիս 18,2021 22:33

Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, արձակուրդում գտնվող Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավն, ասաց, որ կարողացել են հանգիստ, հանդարտ մթնոլորտ ստեղծել։  Ըստ նրա, իրենք կարողացան այդ գործընթացը կազմակերպել այնպես, որ քաղաքացիներից և ոչ մեկը սեփական մաշկի վրա լարվածություն չզգա։

«Բոլորդ պատկերացնում եք, դա բարդ պրոցես է, բայց ի պատիվ բոլոր թեկնածուների, ի պատիվ գործող իշխանության, որն ամեն ձևով իր պարտականությունները կատարեց այնպես, որ լարվածություն չլինի։ Շատերը սպասում էին կամ միգուցե պատկերացնում էին,  որ անպայման լինելու են ինչ-որ  բախումներ, սադրանքներ և այլն։

Այսօր ամփոփելով քարոզարշավի վերջին օրը՝ կարող եմ ասել, որ ոչ թե խուսափեցինք, այլ այնպես կազմակերպեցինք, որ այսօր ունենք խաղաղ մթնոլորտ և կիրակի օրը մեր հայրենակիցները կգնան ընտրությունների՝ արդեն իմանալով  որ ուժին իրենց ձայնը տան»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ ահազանգեր հնչել են, իրենք դիմել են իրավապահ մարմիններին։ Վերջիններս կճշտեն՝ այդ տեղեկությունները իրակա՞ն են,  թե՞ ոչ։

Ընտրակաշառքի մասին շրջանառվող լուրերի հետ կապված էլ Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Ես այդ մասով վերջնական բան չասեմ, որովհետև օպերատիվ աշխատանքներն ընթանում են։ Դուք գիտեք այդ իրողություններով ձերբակալված և կալանավորված անձինք կան։ Ինչ վերաբերում է մեր մարզին, այդ աշխատանքները շարունակվում են, և էլի եմ կրկնում, ես անընդհատ կոչ եմ անում քաղաքացիներին գնահատել իրենց, չհամարեն, որ իրենք ապրանք են, որին կարելի է գնել կամ գործիք են, որին կարելի է ուղղորդել»։

Մենք նաև հարցրեցինք՝ արդյո՞ք վարչական ռեսուրսի կիրառում չէ դպրոցների տնօրեններին կամ Գյումրու թիվ  1-ին պոլիկլինիկայի տնօրենին պաշտոնազրկելը, պատճառը քաղաքակա՞ն է, թե՞ այլ հիմնավոր պատճառներ կան։

Մենք նաև նշեցինք, որ «Հայաստան դաշինք»-ի գրասենյակից  այն որակում են որպես վարչական ռեսուրսի օգտագործում։

«Ես իմ բնույթով այնպիսին եմ, որ բացի իմ մտքերից ու արտահայտած նախադասություններից այլ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում, որովհետև ես չգիտեմ՝ ով ինչ է դնում այդ արտահայտությունների հիմքում և այդ պատճառով էլ չեմ պատրաստվում մեկնաբանել ոչ մեկի ասածին։ Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել ընդհանուր աշխատանքային  պրոցեսին, քանի որ այդ ամենը թափանցիկ է և ինչ-որ  կատարվում է կադրային փոփոխությունների հետ, այդ ամենը հրապարակվում է մարզպետարանի  պաշտոնական կայքում։ Կարող են հետևել, իսկ ում ինչ ձևով է  հարմար այդ ամենը մեկնաբանել, դա արդեն իրենց անձնական գործն է»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մեր այն դիտարկմանն էլ,  թե Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո քննադատություններ հնչեցին, որ ավտոբուսներով  շրջիկ խմբեր են բերում-լցնում, Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Ես այդ ամենը համարում եմ բամբասանքի մակարդակի խոսակցություն․ եթե կա նման բան, թող արձանագրեն և դիմեն իրավապահներին»։

Մարզպետն, անդրադառնալով այն կանխատեսումներին,  որ ընտրությունների օրը հնարավոր են բախումներ, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի վտանգ, հայտարարեց․ «Թույլ  չենք տալու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել