Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այլևս չպիտի վերադառնա անցյալ․ ո՛չ այսօրվա, ո՛չ էլ անցած իշխանությունները տեղ չունեն»․ Կարին Տոնոյան

Հունիս 18,2021 21:40

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում քարոզարշավ անցկացրեցին «5165» շարժման ներկայացուցիչները։ Նրանց քարոզարշավը սկսվեց հայրենասիրական պարերի ու երգերի կատարմամբ։ Ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը։

«5165» շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանը նորից պիտի վերածնվի, նորից կերտվի, սակայն նոր ու մաքուր ուժերով։ Ըստ նրա, ո՛չ այսօրվա, ո՛չ էլ անցած իշխանությունները Հայաստանի ապագայում տեղ չեն կարող ունենալ։

«Գյումրին ցավեր շատ է տեսել, Գյումրին գիտի ցավից վերածնվել, ժամն է եկել, որ Հայաստանն էլ ցավից վերածնվի։ Մենք բանակ ունեինք, որին պաշտում ու հպարտանում էինք, մենք հայրենիք ունեինք, որով ամբողջ աշխարհին էինք ներկայանում, մենք հաղթանակ ունեինք, որը մեզ ուժ էր տալիս։ Հիմա մեզանից խլել են ամեն ինչ, խլել են մեր զավակներին, խլել են մեր հայրենի հողերը, խլել են մեր բանակի նկատմամբ սերը, մեր բանակի ուժը, խլել են մեր վստահությունը, խլել են մեր արժանապատվությունը, խլել են մեր հավատը և մեր երկրի արդարությունը։

Եվ այս ցավից և ամենը վերականգնելու ցանկությունից ծնվել է այս շարժումը, որի անունը «5165» է, որը մեր սրբազան լեռան ՝ Արարատի բարձրությունն է։ Լեռ, որ ժամանակին փրկեց մարդկությանը, լեռ, որ այսօր պիտի դառնա հայի արժանապատվության, հայոց հողերի և հայի ապագայի նկատմամբ հավատի նոր փրկության գագաթը», ասաց Կարինե Տոնոյանը։

Ըստ նրա, նոր Հայաստան պիտի լինի, և այդ Հայաստանը պիտի կերտեն նոր ուժեր, Հայաստանի ապագայում երբևէ կեղտոտ, դավադիր ձեռքեր խառնված չպիտի լինեն։

«Հայաստանի ապագան միայն իր երիտասարդներինն է և այդ ապագայում տեղ չկա ո՛չ այսօրվա իշխանություններին, ո՛չ էլ անցած իշխանություններին։

Այս իշխանություններն արդյունքն էին նախորդ տարիների չարվածին, որովհետև Հայաստանն իրոք սիրել է պետք, իսկ Հայաստանին կարելի է սիրել միայն մաքուր սրտով, մաքուր խղճով ու մաքուր մտքով, որն ունեն միայն մաքուր ուժերը, նոր ուժերը։

Ինչ էլ, որ ունենան նախորդ ուժերը, նրանք չունեն այդ երեքը։ Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր մարդու համար կա երեք թանկ բան՝ զավակը, հայրենիքը և Աստված։

Այսօր մեզանից խլել են մեր զավակներին, խլել են մեր հայրենիքի շատ թանկ մասը, և մնացել է միայն մեր հավատը, և այդ հավատից մենք ոտքի կկանգնենք, այդ հավատը մեր բռունցքներում, սրտերում կամրագրենք ու կքայլենք։

«5165» շարժումը վստահ է, որ Հայաստանն այլևս չպիտի վերադառնա անցյալ, Հայաստանում այլևս նոր միտք պիտի գործի, Հայաստանում կառավարման նոր համակարգ պիտի գործի, պետք է գան նոր, երիտասարդ, պրոֆեսիոնալ ուժեր և իրենց վրա վերցնեն իրենց երկրի կառուցումը»։

Նա ասաց, որ կստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կուզեն համախմբվել և կառուցել իրենց հայրենիքը՝ մի կողմ թողնելով խմբային ու կուսակցական շահերը։

Ըստ Կարին Տոնոյանի, պատերազմը մեզ համար «X-երով հավասարում» է, այդ բոլոր գաղտնիքները պիտի բացվեն ու պիտի հասկանանք՝ ովքեր են դավադիրները, ով թերացավ, ով դավեց։

«Իսկ այդ X-երը կարող է բացել այն ուժը, որ սեփական ցավ ունի իր հոգում, որը երբեք պատճառ չի եղել այդ օրվա այդպիսի արդյունքի»,- ասաց Կարին Տոնոյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանին ամենաշատը պետք են արդարադատություն և ազնվություն։

Բանախոսի համոզմամբ, այն ուժերը, որոնք այսօր մտել են ընտրական արշավի մեջ ու ստանձնել են գլխավոր դերերը, առաջնորդվում են իրարից վրեժ հանելու ցանկությամբ, դա Հայաստանը կառուցելու հարթակը չէ։

«Այդ ընտրությունից հետո, երբ որ նրանք ամենամեծ ուժերը կդառնան, Հայաստանը նորից կմտնի վրեժխնդրության դաշտ, նորից ցավ կլինի Հայաստանում, նորից բախումներ կլինեն։ Եվ այն ուժերը, որոնք կարող են դա թույլ չտալ, այն ուժերն են, որոնք ոչինչ չունեն ոչ մեկից վրեժ հանելու, որոնք ընդամենը գալիս են հանուն Հայաստանի և հայի»,-ասաց Կարին Տոնոյանը։

Ըստ նրա, սա սովորական ընտրություն չէ, Հայաստանի լինել-լինելու ու ինչպիսին լինելու ընտրությունն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930