Լրահոս
Օրվա լրահոսը

«20-100 000 դրամ»․ ըստ «Անկախ դիտորդ»-ի՝ ընտրակաշառքի ամենաշատ դեպքերը «Հայաստան»-ին ու «Պատիվ ունեմ»-ին են վերաբերում

Հունիս 18,2021 20:22

«Բռնությունների եւ ճնշումների 9 դեպք է արձանագրվել՝ Գյումրիում, Արմավիրում, Էջմիածնում, Երեւանում։ Բարեգործության անվան տակ եւ ընտրակաշառքի դեպքերի թիվը 25 է,  այդ թվում մի շարք մարզերում։ Կաշառքների վերաբերյալ հաղորդումներ ենք ներկայացրել իրավապահ մարմիններին։ Կարեւոր է, թե նրանք ինչ են անում այդ ահազանգերի ուղղությամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածի տվյալները։ «Ընտրակաշառքի վերաբերյալ խոսքը մասնավորապես ֆինանսի եւ բնամթերքի մասին է։  20-100 հազար դրամի մասին է խոսքը»,-հայտնեց Արթուր Սաքունցը։

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսների կիրառմանը, ապա նա շեշտեց՝ այս ընտրությունները յուրահատուկ են․ «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս է կիրառում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ Սա եզակի դեպք է։ Դա պայմանավորված է նրանով, թե որ քաղաքական ուժը որտեղ ինչ ազդեցություն ունի, որքան աշխատող ունի եւ ինչ ճնշումներ է գործադրում։ Արձանագրված փաստեր ունենք, որոնք ներկայացրել ենք իրավապահներին։ Վարչական ռեսուրսի կիրառման, ինչպես նաեւ ընտրակաշառքի ամենաշատ դեպքերը վերաբերում են «Հայաստան» դաշինքին, «Պատիվ ունեմ»-ին, նաեւ՝ իշխանությանը։

Արձանագրվել են նաեւ աշխատանքային իրավունքի խախտումների դեպքեր։ Խոշոր բիզնեսներում աշխատողներին հարկադրում են մասնակցել նախընտրական հավաքների՝ աշխատանքից ազատելու սպառնալիքի ներքո։ Պետական մարմիններում նման առանձին դեպքեր են արձանագրվել մասնավորապես ՏԻՄ մարմիններում»։ Ըստ Արթուր Սաքունցի՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից օգտագործված գործիքները՝  մուրճ, մանգաղ, ասոցացվում են բռնության հետ․ «Հատկապես վարչապետերի թեկնածուները, բացառությամբ մի քանի հոգու, չցուցաբերեցին համապատասխան վարքագիծ՝ նման հռետորաբանությունից զերծ մնալու համար։ Որոշ դեպքերում նրանք նպաստում էին, որպեսզի ոչ քաղաքակիրթ բառապաշարը շարունակվի։ Սա ամենամեծ մտահոգությունն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Սոռոսականները ինչպես միշտ ստում են. Ընդիմությունը վարչական ռեսուրս կիրառելա նաև նախկինում հատկապես 2008-ին. Գռզոն, Սասուն Միքայելյանը, Լեդի Հակոբը, Վեդի Ալկոյի Մանվելը, Երասխի Ռազմիկ Թևոնյանը, Արամ Սարգսյանը ու ցանկացած տեղ որտեղ եղել են լևոնական պաշտոնյաներ/հարուստներ ինտեսիվ կիրառել են թե վարչական ռեսուրս թե ընտրակաշառք.
    Ուղղակի սոռոսականները նախկինում ընդիմության խաղտումների վրա ուշադրություն չեն դարձրե. Հիմա հակառակը ողջ ռեսուրսով ֆիքսվել ընդիմության վրա, իսկ իշխանության խախտումների մասին խոսում են տենց ձևական, զուտ որ 100տոկոսանոց նիկոլամետ ուժի տպավորությունից խուսափեն.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930