Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կորցրած տասնամյակները

Հունիս 18,2021 20:07

Շվեցարական «LE COURRIER» ֆրանսալեզու հեղինակավոր օրաթերթի այսօրվա համարի միջազգային թողարկումը սկսվում է Հայաստանով, որը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջոցով վերլուծել է Հայաստանի անցած 30-ամյակը և գալիք ընտրությունները:

Հոդվածը պատրաստվել է շվեցարահայ անկախ լրագրող Աննա Ազնաուրի կողմից:

Հոդվածի բնօրինակին կարող եք ծանոթանալ սույն հղումներով` Հատկանշական է այն, որ «LE COURRIER» ֆրանսալեզու թերթի ամենաընթերցվող հոդվածները տեղ են գտնում թերթի ուրբաթօրյա համարներում, հենց այդ օրվա համարներում է ամփոփվում ամբողջ շաբաթվա կարևոր իրադարձությունները:

Ներկայացվում ենք հոդվածի հայերեն տարբերակը:

 

Մարդու իրավունքների պաշտպան և hայ փաստաբան Զարուհի Փոստանջյանի պայքարը և նախկին Խորհրդային Հանրապետության վերջին պատմությունը լույս սփռեցին Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք օրենսդրական մարմնի ընտրությունների վրա:

«Ճի՞շտ է, որ դուք Եվրոպայում գտնվող խաղատներից մեկում խաղացել և կորցրել եք 70 միլիոն եվրո: Որտեղի՞ց եք դուք ձեռք բերել այդ գումարը»:  2013 թվականին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից  իր երկրի նախագահին հարցրեց այս հայ փաստաբանը: Իր ծննդավայր Երևան վերադառնալուն պես Զարուհի Փոստանջյանին ժողովուրդը ջերմությամբ դիմավորեց իր համարձակության համար, ինչը հանգեցրեց նրա` հայկական պատվիրակության Խորհրդարանական վեհաժողովի անդամի կարգավիճակից զրկմանը:

2021 թվականի մայիսին իրավապաշտպանը, ով այս անգամ խաղաղ պայքարում էր երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ, ձերբակալվեց և բերման ենթարկվեց ոստիկանության բաժին: Երեք ժամ անց ազատ արձակվելուց հետո նրա դեմ սկսվեց իրականացվել քաղաքացիական, քրեական և վարչական վարույթներ, ինչը, սակայն, չի խաթարում նրա վճռականությունը: Պետք է նշել, որ 49 տարեկան հասակում չորս երեխաների մայրն արդեն կանգնած է անարդարությունների դեմ իր ավելի քան քառորդդարյա պայքարի մեջ:

1990-ականներից սկսած երկրի իրար հաջորդող ղեկավարների քաղաքականությունը մոբիլիզացրեց այս հայուհուն, ով, ի վերջո, 2017 թվականին ստեղծեց իր քաղաքական կուսակցությունը`«Երկիր Ծիրանին»` խթանելու և պաշտպանելու քաղաքացիական իրավունքները և ժողովրդի շահերը: Սակայն Զարուհի Փոստանջյանը որոշում է կայացրել չմասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններին. «Դա կլինի հաշվեհարդար չորս նախկին ղեկավարների միջև, որոնց երկիրը պարտական ​​է իր ներկայիս իրավիճակով»,- բացատրում է նա:

1994-ի անավարտ հաղթանակը.

Ամեն ինչ սկսվեց 1988 թվականին: Վստահելով Վերակառուցման (Պերեստրոյկա) հայր Միխայիլ Գորբաչովի ելույթներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պահանջում են վերամիավորել իրենց Ինքնավար Մարզը Հայաստանին: Բայց Ադրբեջանը մտադիր չէր բաժանվել այս ապօրինի տարածքային «նվերից», որը ստացել էր Ստալինից 1921 թվականին: Բռնություն սկսվեց համայնքների, մասնավորապես ջարդեր`Բաքվի և Սումգայիթի, այնուհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: 1991-ին ԽՍՀՄ-ից անջատված երկու հանրապետությունների միջև բռնկված պատերազմը տևեց մինչև 1994 թվականը, որն ավարտվեց Երևանի հաղթանակով և Լեռնային Ղարաբաղի վերադարձով:

Բայց` «Այդ ռազմական հաջողությունը չի կնքվել Բաքվից հանձնվելու պաշտոնական ակտով, ոչ էլ եզրափակվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ճանաչմամբ նույնիսկ Հայաստանի կողմից: Այնուամենայնիվ, ես այս ուղղությամբ օրինագծեր էի ներկայացրել, որոնք պետք է ապահովեին բնակիչների անվտանգությունն այս տարածքի անկախության միջազգային լեգիտիմացման միջոցով», – պատմում է Զարուհի Փոստանջյանը:

Ակտիվիստը նաև գործունեություն  է իրականացնում ընդդեմ նոր Սահմանադրության, որի ջատագովն էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս  1995 թվականից  ի վեր կարողացավ կողպել երկրի քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերը:

Այսպես, հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Դաշնակցության գործունեությունն արգելվել է, մի քանի ընդդիմադիր թերթեր փակվել են, տնտեսական շուկան գտնվել է մենաշնորհային վիճակում, իսկ իրավական համակարգը դարձել է կառավարության ենթական: Շնչահեղձ լինելով՝ բնակչությունն ընդվզեց, այս ամենին գումարվեց նաև այն, որ ժողովուրդը 1996 թվականի վերընտրության արդյունքները կեղծված էր համարում: Այդ պատճառով Հայաստանի առաջին նախագահը 1998-ին հարկադրված հրաժարական տվեց: Նրա իրավահաջորդը` Ռոբերտ Քոչարյանը, ոչ այլ ոք էր, քան իր վարչապետը:

Նվեր Պուտինին.

Սկսվեց նոր տասնամյակ, որի ընթացքում նոր նախագահը հրաժարվեց որոշակի լծակներից և երկիրը դարձրեց Եվրոպայի խորհրդի անդամ: «Մինչ 2005 թվականի Սահմանադրությունը փոքր-ինչ մեղմվեց, կառավարության արգելափակման միջոցներին նոր օրենք ավելացավ, ըստ որի` ընտրողները կարող են քվեարկել միայն այն դեպքում, եթե ընտրությունների օրը ֆիզիկապես ներկա են: Որոշում, որն ավտոմատ կերպով վերացրեց այլախոհ քաղաքացիների ձայները, ովքեր այս քաղաքական համակարգի պատճառով լքել են երկիրը »,- շեշտում է փաստաբանը:

Ավելին, 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի հետ ստորագրեց պարտքի դիմաց գույք հանձնելու վերաբերյալ շատ քննադատված պայմանագիր: Այսպիսով, հայտնի լինելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ջերմ կապերով` նա Մոսկվային է տալիս ռազմավարական նշանակության ընկերություններ (էներգետիկ և երկաթուղային), այդ թվում ՝ գիտական ​​ներուժ ունեցող գործարաններ… 100 միլիոն դոլար պարտքի դիմաց: Այս գործարքը, որը զրկում է Հայաստանին իր էներգետիկ ինքնիշխանությունից, մտավոր սեփականության մի մասից և սեփական պաշտպանական զենք արտադրելու հնարավորությունից, ղեկավարվում է այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից, ով 2008 թվականին դառնում է նախագահ:

2015-ին Սերժ Սարգսյանը փոփոխեց Սահմանադրությունը, ըստ որի` պետության ղեկավարն այլևս չէր կարող ընտրվել ուղղակի համընդհանուր ընտրական իրավունքի միջոցով, այլ անուղղակիորեն՝ խորհրդարանի անդամների կողմից: «Դրանով նա լրիվ իրեն շղթայեց…»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Թավշյա հեղափոխություն.

Չհամակերպվելով իր տնտեսական շատ ծանր վիճակին և երրորդ ղեկավարի ավտորիտարիզմին՝ ժողովուրդը կրկին ընդվզեց: 2018-ի փողոցային ընդվզումն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, որին «գահը» փոխանցեց իր նախորդը 2015 թվականի Սահմանադրությամբ, ինչը նրան լայն լիազորություններ էր տալիս: Հայաստանի պետության չորրորդ ղեկավարը թուլացրեց բանակը, 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ աշխատանքից հեռացրեց ամենաբանիմաց գեներալներին և իր նախաձեռնությամբ կնքեց հրադադարի պայմանագիր` զիջելով շատ կարևոր տարածքային շրջաններ թշնամուն: Գործողություններ, որոնք ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին…

2021 թվականի մայիսի կեսերին, երբ Ադրբեջանի բանակը հատեց Հայաստանի սահմանն ու ստեղծեց  խրամատներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկ այլ պայմանագիր ստորագրել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ, որի բովանդակությունը ընտրություններից առաջ գաղտնի է պահվում, հավաստիացնում է Զարուհի Փոստանջյանը և նշում, որ խոսքն այս անգամ Հայաստանի մարզերի մասին է, որոնց Բաքուն հավակնում է Երեւանից:

Ընտրություններ առանց արդյունքի.

Ընդդիմադիր  գործիչը հիասթափված նշում է, որ չորս առաջնորդները, որոնց քաղաքականությունը թուլացրել է Հայաստանը 1991 թվականից ի վեր, մասնակցում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

21 կուսակցություն, 4 դաշինք և 2542 թեկնածու, ովքեր պայքարում են 105 տեղի համար:ժողովուրդը կարծես խճճված է երկու ընդգծված միտումների միջև` աջակցություն Նիկոլ Փաշինյանին ու նրա Քաղաքացիական պայմանագրին կամ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի քվեարկության  օգտին :

Չնայած Հայաստանի առաջին երեք ղեկավարների նպատակը չորրորդին հեռացնելն է, նրանք չկարողացան միավորվել դաշինքում, ինչպես առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հարցումների համաձայն, ընտրողների քառորդ մասը դեռ չի կողմնորոշվում: Շատերը կարծում են, որ իրենք պետք է ընտրություն կատարեն «ժանտախտի և խոլերայի» միջև: Այս փակուղում ակտիվիստը մեծ հույս է կապում  հսկայական հայկական սփյուռքի հետ: «Սա այս երկրի ամենամեծ ուժն է: Բայց որպեսզի սփյուռքի հետ տեղի ունենա դաշինք, նրան անհրաժեշտ է տալ ընտրելու իրավունք»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը: Փաստաբանը նաև քարոզչություն է իրականացնում, այսպես կոչված` «Լյուստրացիայի» օրենքի իրականացման համար, որի նպատակը պետական ​​ապարատը կոռումպացված անձանցից և երկրի շահերին հակասող արտաքին շահերի սպասարկումներից մաքրումն է:

Փոխվող աշխարհաքաղաքականություն.

Զարուհի Փոստանջյանը շարունակում է.  «Չնայած Արևմուտքը նախկին ԽՍՀՄ հանրապետություններն ընկալում և նրանց վերաբերվում է ոչ թե որպես ինքնիշխան պետությունների, այլ որպես հումքային գաղութների, սակայն իրավիճակը Հայաստանի համար փոխվում է: Միացյալ Նահանգների կողմից վերջերս ընդունված Հայոց ցեղասպանության փաստը, Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին և Իրանի հայտարարությունը՝ Հայաստանի սահմանների վերադասավորման ցանկացած փորձին իր անմիջական արձագանքի մասին, դրա ապացույցներն են: Եթե ​​Մոսկվան ներկայումս հանդես է գալիս որպես դիրիժոր Երևան-Բաքու հարաբերություններում, Վաշինգտոնը մտադիր է միջամտել և այդ թեման ներառել էր Պուտին-Բայդեն քննարկվելիք հարցերի օրակարգ՝ Ժնեւում կայանալիք գագաթնաժողովում: Հետևաբար, Հայաստանի ընտրությունները կդառնան գլոբալ աշխարհառազմավարական զարգացումների հայելին…»:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930