Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան․ «Այս ընտրությունների բոլոր բացասական հետեւանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան են»

Հունիս 18,2021 19:40

«Հասանք ֆինիշին, հրաշալի քարոզարշավ անցկացրեցիք`լուրջ, զուսպ, գրագետ, համբերատար եւ սառնասիրտ։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար»,-այսօր այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ ՀԱԿ նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ։

«Խոսում ենք «Լրջանալու պահի» (ՀԱԿ-ի կարգախոսն է) մասին, ես կարծում եմ՝ արդեն սա էլ հնացած մի միտք է, որովհետեւ մենք դառնագույն պարտություն ենք կրել, դա առաջին դժբախտությունն է, եւ երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետեւ տեսնում ենք՝ ինչպիսի ուժեր են ներքաշված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ, եւ ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,-ասաց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ «Լրջանալու պահն» արդեն հնացած է, որովհետեւ այժմ եկել է սթափվելու պահը․ «Որովհետեւ նախորդ պատմությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել հետեւյալը՝ վերջին պատերազմում կորցրեցինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը։ Չեմ թանձրացնում գույները, ես տեսնում եմ, թե ինչ են անում այդ մարդիկ, եւ ցավն այն է, որ այդ երկրորդ վտանգից դուրս գալու հեշտ եւ քաղաքակիրթ , ժողովրդի եւ աշխարհի կողմից գնահատվելիք հարգանքի արժանի մի լուծում կար՝ դա իմ առաջակն էր երկու նախագահներին։ Թեեւ մեր շարքերում էլ շատերը կային, որ չհասկացան դա, սկսեցին խոսել, թե ինչպե՞ս կարելի է դաշինքի առաջարկ անել այնպիսի մարդկանց, որոնց հետ ունեցել ենք լրջագույն բախումներ, որոնք հսկայական վնասներ են տվել մեր ժողովրդին եւ այլն։ Զգայական տեսակետից սա նորմալ է, բայց քաղաքական տեսակետից դրա արժեքը զրոյական է»։

Տեր-Պետրոսյանի խոսքով՝ երբ ազգը վտանգվում է, պետությունը կանգնած է վտանգի առաջ, բոլոր նորմալ քաղաքական ուժերը, որքան էլ միմյանց հոշոտած լինեն, որքան էլ բզկտած լինեն իրար, գալիս է մի պահ, որ հասկանում են՝ վտանգվում է երկիրը, պետությունը, եւ ամեն ինչ մոռացության է տրվում, ու լծվում են երկիրը ոտքի կանգնեցնելու գործին։

Առաջին նախագահը հիշեցրեց այն պայմանները, որով ինքը առաջարկել էր դաշինք կազմել՝ եթե մյուս նախագահները համաձայնեին, երեք նախագահներից որեւէ մեկը չպետք է հավակներ որեւէ պաշտոնի, ստեղծելու էին տեխնոկրատների կառավարություն՝ լուրջ կառավարչով եւ կառավարությունն ունենալով քաղաքական ուժերի այսպիսի աջակցություն, հնարավորություն էր ստանում մեկ-երկու տարում ոտքի կանգնեցնել մեր պետությունը․ «Ես դրանում հարյուր տոկոսով հավատացած եմ։ Հարցի մյուս կողմն այն է, որ եթե այդ դաշինքը հաջողվում էր, այսօր Նիկոլի ֆենոմենը գոյություն չէր ունենում։ Նիկոլը կարող էր դրանից գուցե մեկ -երկու շաբաթ հետո թողնել, փախչել Հայաստանից։ Ուրեմն այս ընտրությունների բոլոր բացասական հետեւանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան են, որոնք վիժեցրին այս պլանը։ Դուք չեք գտնի որեւէ լուրջ արձագանք այս առաջարկի նկատմամբ, ե՛ւ արտասահմանից են եղել, ե՛ւ Ռուսաստանից, սա համարել են հրաշալի լուծում։ Ես զարմանում եմ, ինչպե՞ս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չհասկացան այս բանը։ Այսինքն, որքան վնաս տվել են այս երկրին այս քսան տարվա իշխանության ժամանակ, իրենք ուրեմն պատրաստվում են ավելի մեծ վնաս տալ այս երկրին։ Հեքիաթ չէ, հավատացեք։ Լուծված էր այս հարցը։ Հիմա մեզ սպասվում է դժվարին ընտրություններ, մենք մեր խոսքն ասացինք, մեր խոսքը բավականին լայն արձագանք գտավ, այնպես չէր ինչպես նախորդ ընտրություններին։ Այն ժամանակ էլի նույն բաներն էինք ասում, բայց այն ժամանակ այնքան հզոր էին մեր դիմացի ուժերը, որ մեզ իրենց մեդիա ռեսուրսով լռեցրին։ Հիմա փառք աստծո, վերջին մեկ ամսում մենք ունեցանք հնարավորություն օգտվել բոլոր մեդիա ռեսուրսներից։ Սա կարելի է ասել, ի պատիվ Նիկոլի, նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը մեզ հսկայական տեղ տվեց։ 2008-ին, 2017-ին չունեինք այս հնարավորությունը։

Առաջին նախագահն ասաց, որ ՀԱԿ-ին քսան տարի լռեցրել են, նրանց գաղափարները շուռ տվեցին՝ ոտքից գլուխ․«Եթե ասում էինք խաղաղություն, ասում էին՝ ահա, հողերն ուզում է տա, եթե ասում էինք՝ կոմպրոմիս, ասում էին՝ ավելի շատ է ուզում տալ, եթե ասում էինք՝ Թուրքիայի հետ պետք է հաշտվել, ասում էին՝ ահա, ինքը թուրք է, չգիտեմ հրեա է։ Հա էդպիսի բան էլ էին ասում, էդ ձեր ֆեյսբուքում, ցանցերում, մի անգամ ինձ ցույց տվեցին՝ իմ նկարն էր՝ հրեական թասակով։ Ինչ ասես՝ կա։ Ոչինչ, կդիմանանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930