Փաշինյանը ոչ փող ունի, ոչ մեքենա, աներձագը՝ 3 տուն ու 3 հողամաս
Իմքայլական պատգամավորների համար ընդդիմախոսները հաճախ են ասում, որ փողոցից եկան՝ հարստացան: «Առավոտն» ուսումնասիրել է, թե 3 տարի առաջ՝ 2018-ին, իմքայլականները գրպանի ինչ պարունակությամբ են եկել, դարձել պատգամավոր ու հիմա ինչ ունեցվածք են հասցրել դիզել՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի:
Այսպիսով, վարչապետի պաշտոնակատար ու ՔՊ ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարագրել է, որ ունի միայն 2,4 շարժիչով Hyundai Sonata մեքենա ու հաշվառված է Նժդեհի 29 հասցեում: Որպես դրամական միջոցներ, հայտարարագրել է $1800 կանխիկ գումար, «Անտարեսից» հավանաբար իր գրքի վաճառքից ստացած եկամուտը՝ 3,9 մլն դրամ ու աշխատավարձ ԱԺ-ից՝ 3,4 մլն, վարչապետի աշխատակազմից՝ 5 մլն: Իսկ 2021-ի մայիսի 1-ին որպես թեկնածու ներկայացրած հայտարարագրով մեքենա չունի, կանխիկ ոչ մի կոպեկ չունի ու որպես եկամուտ միայն վարչապետի աշխատակազմից ստացած 11,8 մլն դրամն է:
Ուշագրավ է Ռուբեն Ռուբինյանի հայտարարագիրը: 2018-ին նա փոխարտգործնախարար էր ու շարժական, անշարժ գույք չուներ: 2 մլն դրամ աշխատավարձ էր ստացել ԱԳՆ-ից, 260 հազար դրամ էլ «Սիմոնյան կրթական հիմնադրամից»: Գրպանում, որպես կանխիկ գումար, ուներ 400 հազար դրամ: Իսկ արդեն այս տարվա հայտարարագրով Ռուբինյանն ահագին հարստացել է. ԱԺ-ից 8 մլն դրամ աշխատավարձ է ստացել, 618 հազար դրամ աշխատավարձին հավասարեցված վճարումներ է ստացել ԱԺ-ից եւ դրան գումարած «Ինեկոբանկից» փոխառության դիմաց տոկոսներ՝ 426 հազար դրամ: Բայց սա ամենը չէ: 400 հազար դրամ ունեցող Ռուբինյանն արդեն ունի 16 մլն 350 հազար դրամ գումար կանխիկով:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի ունեցվածքը շատ չի ավելացել: 2018-ին ուներ 30 մլն դրամ գումար, աշխատավարձ է ստացել ինչպես նախարարությունից, այնպես էլ 3 այլ աղբյուրներից եւ հայտարարագրել 2 բնակարան Երեւանում՝ 92 քմ եւ 94 քմ՝ որպես համասեփականատեր: 2021-ի մայիսի դրությամբ արդեն գործ ունենք գործազուրկ Արշակյանի հետ. ունի 2,5 մլն դրամ եւ $5000, իսկ որպես եկամտի աղբյուր, նշել է, որ կառավարությունից ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ, այսինքն, ավելի շատ, քան Փաշինյանը, թեեւ այս պահին արդեն պաշտոնազրկվել է: 92 քմ-անոց բնակարանի փոխարեն նա արդեն միանձնյա սեփականատեր է 38,4 քմ-ի:
Անդրանիկ Քոչարյանը 2018-ին ՀԿ նախագահ էր, ուներ 3 մլն դրամ կանխիկ գումար, Բաղրամյան 30 հասցեում 1 բնակարան եւ 1 ավտոտնակ: 2021-ի դրությամբ արդեն միանձնյա սեփականատեր է 2 բակարանի եւ ավտոտնակի: Նոր բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Բացի այդ, ԱԺ-ից ստացել է 9 մլն դրամ աշխատավարձ եւ 1,2 մլն դրամ էլ կանխիկ գումար է հայտարարագրել:
Իմքայլական Գեւորգ Պապոյանը 2018-ին 1 ավտոմեքենա ուներ՝ 1999թ. արտադրության Volkwagen, 3 տարի անց ունի 2 մեքենա՝ 2014թ. Hyundai եւ 92թ. Վազ 21-07:
Հռիփսիմե Գրիգորյանը Չարենցի փողոցի վրա հողամաս ու հողին ամրակայված անշարժ գույք է ձեռք բերել եւ եթե 2018-ին ուներ 297 հազար դրամ, հիմա արդեն ունի 1,7 մլն:
Ըստ հայտարարագրի, աղքատացել է իմքայլական Արմեն Խաչատրյանը. երբ դեռ պատգամավոր չէր, ոստիկանությունից ստանում էր 9,9 մլն դրամ աշխատավարձ, եւ կանխիկ ուներ 500 հազար դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նույն տունը, նույն 86 թ. Վազ 21-06 մեքենան ունի, բայց ԱԺ-ից վարձատրվել է 7,6 մլն դրամ, կանխիկ գումարն էլ դարձել է 454 հազար:
Վաղարշակ Հակոբյանը Տիգրանյան փողոցում բնակարան է ձեռք բերել, որը չի ունեցել 2018-ին, ինչպես նաեւ 2010թ. արտադրության Toyota Camry: Եթե առաջ ստանում էր 1 մլն դրամ աշխատավարձ ու ուներ 4 մլն դրամ եւ $5000 կանխիկ, հիմա արդեն ԱԺ-ից աշխատավարձ է ստացել 7,2 մլն դրամ, մոտն էլ կանխիկ ունի 7,5 մլն դրամ:
Տեղը-տեղին հարստացել է Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը: 2018-ին նա Չեխովի փողոցում եւ Արշակունյաց պողոտայում 2 բնակարանի համասեփականատեր էր, ինչպես նաեւ Ավանում ուներ հողամաս 750 քմ: Բացի այդ, ուներ Հյունդայի Սոնատա մեքենա՝ 2010թ. արտադրության: Որպես պատգամավոր՝ ստացել էր 2,8 մլն դրամ աշխատավարձ: Իսկ արդեն 3 տարի անց Հրաչյա Հակոբյանը, բացի իր ունեցած 2 բնակարանից ու հողամասից, հասցրել է ձեռք բերել Ջրվեժում 207 քմ առանձնատուն, հողատարածք եւ Ավանում եւս մի հողակտոր:
Նա նշել է, որ «Ամերիա» բանկից փոխառություն է ստացել 19 հազար դոլար ու 3 մլն դրամ: Այս ընթացքում Հրաչյա Հակոբյանը նաեւ գնել է 2015թ. արտադրության Honda մեքենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2021
հա հա հա
այսինքն առաջին համարը ոչ միայն չէ հարստացեր, այլ … աղքատացեր է.
իրապէս որ հայաստանը հումորի համար լաւ երկիր է։