Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան․ ՀԱԿ-ին զրկեցին Հանրայինում բանավեճին մասնակցելու իրավունքից

Հունիս 18,2021 18:24

Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճը կարեւոր իրադարձություն է, որը թույլ է տալիս քաղաքական ուժերին տեսնել գործի մեջ, բանավեճի միջոցով ստուգվում են բանախոսի ասածները, հակափաստարկներ բերել եւ այլն, եւ այսպիսով նաեւ ընտրողն է կարողանում կողմնորոշվել։ Այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ ընտրական ցուցակի 2-րդ համարը գլխավորող Լեւոն Զուրաբյանը։ Նա ասաց՝ բնական է, որ որեւէ ընտրություն կարող է արդար համարվել, եթե այդ ամենակարեւոր իրադարձության ժամանակ ապահովվում են բոլորի հավասար իրավունքները։

«Ստիպված եմ հայտարարել, որ Հայ Ազգային Կոնգրեսին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից։ Սա նախագահի ընտրություններ չեն, որտեղ անպայման նախագահի թեկնածուներ պետք է գան մասնակցելու, սա, Սահմանադրության համաձայն, կուսակցությունների մրցույթ է, քաղաքական ուժերի մրցույթ է, եւ եթե կազմակերպվում է հանրային նման բանավեճ, դա նշանակում է, որ բոլոր կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի մասնակցել այդ բանավեճին՝ իրենց ընտրած ներկայացուցչի միջոցով։ Մենք որոշել էինք, որ ՀԱԿ-ին պետք է ներկայացնեմ ես։ Մենք դրա մասին տեղյակ ենք պահել Հանրային հեռուստաընկերությանը եւ ստացել պատասխան՝ ինչ-որ պատրվակ բռնելով, թե միայն առաջին դեմքերը կարող են մասնակցել, ցուցակի առաջին դեմքը կարող է մասնակցել բանավեճին, եւ մեզ, ըստ էության, մերժեցին։ Սա անընդունելի մոտեցում է, եւ սա լիովին խախտում է մեր ընտրական իրավունքները»,-ասաց պարոն Զուրաբյանը։

Այս մերժումից հետո ՀԱԿ ներկայացուցիչներն անմիջապես դիմել են դատարան, սկզբում հայցը մերժվել է, ինչպես Զուրաբյանն ասաց՝ ինչ-որ ձեւական շարժառիթներով, իբր թե լիազորությունները ճիշտ ձեւակերպված չեն․ «Հետո երբ ճիշտ ձեւակերպեցինք, արդեն ընդհանրապես շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են՝ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում ընտրական իրավունքի պաշտպանությանը։ Այս բացարձակ կեղծ հիմնավորմամբ նորից չեն ընդունել մեր հայցը։ Սա կամայականություն է։ Սա կատարվում է իշխանությունների հրահանգով եւ բնականաբար մենք արագ կդիմենք վերաքննիչ դատարան»։

Պարոն Զուրաբյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի վախեցել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը կներկայանա այդ բանավեճին․ «Նա իր տարերքի մեջ է գտնվում, երբ կարող է վիճել, ասենք անտեղյակ մարդկանց հետ, այն քաղաքական ուժերի հետ, որոնք ոչինչ չեն հասկանում եւ ոչ էլ գիտեն, թե ինչպես ճիշտ հարցադրումներ պետք է դնել Փաշինյանի առաջ։ Նա կարող է գող-ավազակների հետ շատ լավ վիճել, հիշեցնելով իրենց կոռուպցիոն անցյալը։ Բայց ՀԱԿ-ի հետ վիճել չի կարող, եւ դա շատ լավ հասկանում է, հետեւաբար նա ամեն ինչ արեց, որ մենք չկարողանանք մասնակցել այդ կարեւորագույն բանավեճին»։

Պարոն Զուրաբյանի խոսքով․ «Եթե ՀԱԿ-ը մասնակցեր բանավեճին, ապա Փաշինյանը չէր կարող բացահայտ ստել, երբ ասաց՝ իրեն միջազգային հանրությունն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանն՝ առանց կարգավիճակի ճշտման։ Սա սուտ է, որովհետեւ 2019 թվականի հունիսին Ռուսաստան, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ծրագիրն առաջարկում էր ընդամենը հինգ շրջանի վերադարձ՝ Աղդամ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգելան եւ Կուբաթլու, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ Շուշիով,Հադրութով, Քելբաջարն ու Լաչինը պետք է մնար հայկական վերահսկողության ներքո։ Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի հարցերը կարող էին դիտարկվել միայն երբ կճշտվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Իսկ այդ հանրային բանավեճի ժամանակ ոչ ոք չհերքեց Փաշինյանի ստերը, կամ չէին ցանկանում»։

Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց այն հարցերը, որոնք կտար Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցը՝ իմանալով 2019 թվականի հունիսին առաջարկված Ռուսաստան, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ծրագիրն, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում, որ պետք է վերադարձվեր ընդամենը հինգ շրջանը եւ լիներ արժանապատիվ խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով, իմանալով մեր բանակի իրական վիճակի մասին, ունենալով ԳՇ զեկույցները բանակի վիճակի մասին, ինչո՞ւ չգնացիք արժանապատիվ խաղաղության ծրագրի ընդունմանը եւ հայ ժողովրդին տարաք միակողմանի սպանդի։

Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցը՝ ինչո՞ւ վիժեցրեցիք 1997-1998 թվականներին Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, իսկ հետո փոխարենը ոչինչ չբերեցիք որպես խաղաղության ծրագիր եւ որպես ելք Հայաստանի եւ Արցախի համար, միակ արդյունքը եղավ Արցախին բանակցություններից հանելը։

Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ վիժեցնելով խաղաղության այդ ծրագիրը, որին համաձայնվել էր Ադրբեջանը, չպատրաստվեցիք պատերազմի, իրականում ոչինչ չի ավելացել ռազմաճակատի՝ 1993-1994 թվականից սկսած ամրացված գծերում։

Երրորդ հարցը՝ ինչո՞ւ չեք ցանկանում կրել պատասխանատվություն այն բանի համար, որ հենց դուք եք ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, համակարգային կոռուպցիոն մի կազմակերպություն, որի շնորհիվ կարողացաք թալանել մեր ժողովրդից միլիարդներ, որի պատճառով ՀՀ-ում ստեղծվեց մի արատավոր տնտեսական մոդել, որի հիմքում ընկած էր ներմուծումը, ամբողջ տնտեսական մոդելը կառուցված էր տրանսֆերտներով ապահովել գնողունակությունը, կառուցել եք տնտեսություն ներմուծման մոդելի վրա, ըստ էության, արժեւորելով հայկական դրամը եւ դրանով ոչնչացնել արդյունաբերությունն ու արտահանումը։

«Նա ոչնչացրեց Հայաստանի արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930