Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Ամիրյան. «Ազգային օրակարգ»-ն անթույլատրելի է համարում քարոզարշավում մուրճի անընդհատ ցուցադրությունը, համայնքապետների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը

Հունիս 18,2021 17:50

Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, որը կարծես, ի տարբերություն մինչ այս եղածների, առանձնացավ ատելության խոսքի մեծ չափաբաժնով. Aravot.am-ի հարցին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նունե Ամիրյանն ի պատասխան ասաց. «Այս ընտրությունների հիմքում Արցախի պատերազմի պարտության եւ Հայաստանի անվտանգության հարցն է: Հայության գոյութենական խնդիր է դրված: Որոշ ուժեր, իշխանական ուժի հետ միասին, նպատակ ունեն շեղել հասարակությանը ազգի եւ պետության համար բացառիկ կարեւորություն ունեցող հարցերի քննարկումներից, հատկապես՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ ստորագրած ոչ օրինական հայտարարությունից, Արցախի հարցից եւ մեզ համար բացարձակ անընդունելի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացներից, ինչպես նաեւ հեռու պահել հասարակությանը ընտրություններին մասնակցող ազգային ուժերի կողմից առաջարկվող ծրագրերից: «Ազգային օրակարգ» կուսակցությունը անթույլատրելի է համարում քարոզարշավում օգտագործվող հայհոյախառը, գռեհիկ, եղկելի բառերի օգտագործումը, ինչով փորձ է արվում ագրեսիվացնել հասարակությանը, նաեւ մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը»:

Ըստ Նունե Ամիրյանի, այսինքն՝ արվում է ամեն ինչ, որ ոչ մի հարցի շուրջ քաղաքական քննարկում չծավալվի, քանի որ պատերազմում պարտված իշխանությունը ասելիք չունի. «Տարօրինակ կերպով լուռ են մարդու իրավունքներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք նախկինում չնչին միջադեպի շուրջ մեծ աղմուկ ու աղաղակ էին բարձրացնում: Մենք հրաժարվել ենք ընդունված քարոզչական մեթոդներից, օրինակ՝ թեկնածուների դեմքով պաստառներ տարածելուց, եւ հասարակությանը նորարարական մոտեցումներով հիշեցնում ենք հայի առանձնահատկությունների՝ ստեղծագործ, պայքարող, ազնիվ, նպատակային, հայրենասեր տեսակի մասին: Քարոզարշավի տեսահոլովակներում ցույց ենք տալիս, թե ինչպես է հայը հասել հաջողությունների իր ստեղծագործական մտքի, ուժի, բազկի եւ արարի արդյունքում՝ ասելով հասարակությանը՝ դո՛ւ էլ հայ ես, դո՛ւ էլ կարող ես: Քննարկումներ ենք ունենում նաեւ մեր համակիրների, աջակիցների ու հասարակության հետաքրքրված հատվածի հետ: Արձագանքները ապացուցում են, որ մեր ուղերձը հասնում է նպատակին»:

Տիկին Ամիրյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր այս քարոզարշավի հիմնական ուղերձը, անվտանգայի՞ն խնդիրները:
«Կարող ենք փաստել, որ անվտանգային խնդիրները բոլոր ոլորտներում են, այդ թվում ունենք կրթության անվտանգության խնդիր: Դեռ անցյալ տարի ամռանը քննարկվում էին եւ արդեն հաստատվել են հանրակրթության պետական չափորոշիչները եւ առարկայական ծրագրերը, որոնք, ըստ մասնագիտական բոլոր կառույցների եւ առանձին մասնագետների՝ խիստ բացասական արձագանքի էին արժանացել, չէին բխում մեր երկրի ռազմավարական ու անվտանգային շահերից: Ի դեպ, հաստատված առարկայական ծրագրերը մինչ այժմ ներկայացված չեն հանրությանը: Իշխող քաղաքական թիմը այս փաստաթղթի հիմքում դրել է կեղծ բարեպաշտությամբ շաղախված պարտվողական խաղաղատենչություն մեր երկու թշնամի հարևանների հետ: Հեռացած լինելով հայոց համազգային շահերի սթափ գնահատումից եւ վաղուց որդեգրած լինելով օտարապաշտություն, այդ թվում թուրքասիրություն՝ նրանք այս փաստաթղթերով հերթական անգամ թուլացնում են մեր ժողովրդի զգոնությունը, փորձում նրան դարձնել անտարբեր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Արցախյան վերջին պատերազմի արդյունքները և դրան հաջորդող իրադրությունները վերը հնչեցրած խոսքերի հավաստիքն են»,-ասաց Նունե Ամիրյանը:

Մեր հարցին՝ վերջերս եւ նաեւ այսօր հրապարակվեցին սոցհարցումների արդյունքներ, որոնք ընտրություններին առաջին անգամ մասնակցող «Ազգային օրակարգի» համար առանձնապես տպավորիչ արդյունքներ չէին ապահովում, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարան անցնելու ձեր շանսերը, Նունե Ամիրյանն ասաց. «Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարում է, որ օտարի իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ձերբազատվելու ամենաարդյունավետ տարբերակը ազգային- ազատագրական պայքարն է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը դիտարկում ենք հենց այդ համատեքստում, ընտրությունները համարելով այդ պայքարի փուլ: Մեր պայքարի առանցքում հայկական շահն է, ազգային իշխանության ձեւավորումն ու ուժեղ, ազգային, արդիական պետություն ունենալը: Այդ մասին է վկայում մեր կարգախոսը՝ «օրակարգում հայն է», որով նաեւ կոչ ենք անում ողջ հայությանը՝ միանալ մեր սկսած ազգային-ազատագրական պայքարին: Սոցհարցումների արդյունքները կարեւոր են, բայց մենք չենք կենտրոնանում դրանց վրա՝ համարելով, որ դրանք ամեն պահի կարող են փոփոխվել եւ կախված են նաեւ նրանից, թե ինչ կազմակերպություն է այն իրականացնում: Անկախ այդ արդյունքներից, վճռական ենք շարունակելու մեր պայքարը»:

Նունե Ամիրյանի խոսքով, կուսակցությունն ունի արդեն կողմնորոշված համակիրների եւ աջակիցների բավարար քանակ, որոնք գնալու են ընտրությունների՝ ընտրելու «Ազգային օրակարգ»-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930