Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով էլ որ հրապարակել է, բժշկի կարիք ունի». Ալեն Սիմոնյանը՝ Սեւանի հոգեբուժարանից մարդկանց հանրահավաքի տանելու տեսանյութի մասին

Հունիս 18,2021 17:28

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկի, եղել է 21100 մարդ: Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ դա բավարա՞ր էր՝ ցույց տալու, որ ՔՊ-ն վայելում է լայն զանգվածների աջակցությունը, ձեր ակնկալիքները բավարարվեցի՞ն: Նա պատասխանեց. «Այդ հաշվարկն արվել է շատ վաղ ժամի: Միշտ պիկը միտինգներին, տասը տարվա փորձիցս եմ ասում, լինում է հայտարարված ժամից կես ժամ հետո: Ակնհայտ է, որ ով հաշվարկ է արել, ընդամենը 70% է հաշվել: Պիկի ժամանակ եղել է 35-40 հազար մարդ»:

Մեր դիտակմանը, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշել է, որ աերոնկարահանումն իրականացրել է 20:49-ին, այսինքն, հենց այդ պիկի ժամանակ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մարդիկ ծառերի տակ էին կանգնել, անկյուններով, օրինակ, իմ ծնողները անկյունում են եղել: Իմ կարծիքով, դա կարեւոր էլ չի»:

Հարցին՝ ձեզ մեղադրում են, որ վարչական ռեսուրս եք չարաշահել ու Սեւանի հոգեբուժարանից եք մարդկանց բերել ձեր երեկվա հանրահավաքին, ի՞նչ կասեք այս մասին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կոնկրետ դրա հետ կապված ոչ ապացույց կա, ոչ մի բան: Բացի ՔՊ կուսակցության ակտիվի տեղափոխումից, ոչ մի պետական ռեսուրս չի օգտագործվել: Որեւիցե պետական բան տեսե՞լ եք: Այդ խոսակցությունները երբեւիցե չեն հիմնավորվել կոնկրետ ռեալ բանով: Ուրեմն մարդ չկար, պետք է հոգեբուժարանից մա՞րդ բերեինք»:

Երբ ասացինք, որ Yerkir.am-ը տեսանյութ է հրապարակել, առանց ձեր իմացությա՞ն են Սեւանի հոգեբուժարանից բուժառուներին, անձնակազմին գազելներով բերել հանրահավաքի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ո՞ւմ են բերել: Հիվանդների՞ն: Կարծում եմ այդ բանի մասին հրապարակողը, ով էլ որ հրապարակել է, բժշկի կարիք ունի: Աբսուրդ է, էլի: Մեկ ասում են՝ պետություն գոյություն չունի, չենք կարողանում պետություն ղեկավարենք, ոչ մի հիմնարկ մեզ չի ենթարկվում, մեկ ասում են՝ պետական ռեսուրս է օգտագործվել: Արդեն զզվցրին, թող ընտրակաշառք չբաժանեն այդ ասողները, չփորձեն բաժանել, հանգիստ նստեն իրենց տեղը ու հիմար բաներ չհնարեն, արդեն մարդիկ հոգնել են այս ամեն ինչից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930