Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ Aravot.am-ին ասաց. «Մեզ համար գերխնդիր էր ոչ միայն խոսել եվրոպական արժեքների մասին, այլ կրել այդ արժեքները: Հանդուրժողականությունը, քաղաքակրթությունը, բարեկրթությունը, որոնք ընդհանրապես ցանկացած պարկեշտ մարդու նորմալ վիճակը պետք է լինեն, ուզում ենք պահպանել եւ բերել որպես քաղաքական մշակույթ:
Ցավոք սրտի եւ իշխանությունը եւ այսպես կոչված ընդդիմության մի մասը (ես դրանց այսպես կոչված եմ համարում, որովհետեւ գաղափարական մեծ տարբերություններ իրենց մեջ չեմ տեսնում), ընտրեցին այնպիսի անթույլատրելի եւ պառակտիչ, հակապետական հակագազային կեցվածք, բառապաշար ու բառամթերք, որը մեր երկրի համար եւ հատկապես այս իրավիճակում, պարզապես մահաբեր է, անթույլատրելի է:
Մենք մեր քարոզարշավը հիմնեցինք Ռուբեն Հախվերդյանի համերգների, նրա երգերի քնարական եւ քաղաքացիական ուղերձների վրա եւ խուսափում էինք սուր վիրավորական կամ պաստառային ոճից: Մեզ համար շատ կարեւոր էր, որ մարդիկ ընտրեն գաղափարները, այլ ոչ անձանց, խոսեն, այլ ոչ թե հայհոյեն, ժպտան, այլ ոչ թե ճչան: Սա էր մեր քարոզարշավի էությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ