«Գերեվարվածների խնդիրը միշտ ակտուալ է եղել։ Առաջին պատերազմի օրինակով ասեմ՝ գերտերությունները, նրանք, ովքեր ուզում են տարածաշրջանում ազդեցություն ունենալ՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, նրանք գերիների հարցով փորձում են խաղալ, Ադրբեջանը փորձում է խաղալ։ Հիմա 15 գերիներին ԱՄՆ-ն ու Վրաստանը կազմակերպեցին, հեսա մեկ էլ լսելու ենք, որ մի քանի հոգու Ֆրանսիան է փորձել միջամտի, տեղափոխի: Հետո լսելու ենք՝ Ռուսաստանը ջղայնանալու է, փորձելու է ինքն էլ մի քանի հոգի ավել բերի։ Մարդկանց կյանքը սարքել են առեւտուր։ Այն ժամանակ Պրիմակովը եկավ Արցախ, ասաց՝ դատարկ չպետք է գնամ, գոնե գերի տվեք՝ տանեմ։ Երեսուն գերի ենք տվել, տարել են տվել իրենց»,-այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով․«Պետք է «զբորներ» անեինք, «կոպլեկտավատ» անեինք, հարցերը փակենք, «սպեցպադրազձիլենին» շուտ, մեր տարածք մտած ինչքան ադրբեջանցի կա՝ հավաքենք, բերենք որպես տեռորիստ եք ասում, դիվերսանտ եք ասում, դատենք, իրանց նման տանենք փոխանակման։ Էս ա ձեւը։ Մնացածը այ տենց նայելու են, տեսնեն․․․ գերտերությունները կամ ով ինչ ազդեցություն է ունենում Կովկասի վրա, փորձելու են իրենց խաղերը անեն։ Լավ, էն մեկը չենք անում, էս մեկը չենք անում, լավ, բա ի՞նչ ենք ուզում»։ Պարոն Բաբայանի կարծիքով՝ մեր ՊՆ-ն ունակ չէ իր նշած խնդիրը լուծել։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին եւ դրանց արդյունքներին, պարոն Բաբայանն ասաց՝ ցանկացած ուժի հետ պատրաստ է համագործակցել եւ իրենց ծրագրերն ընդունվեն։
Նախընտրական ծրագրով առաջարկում են Սահմանադրությունը փոխել, եւ օրենսդրական շատ փոփոխություններ անել, քանի որ, ինչպես Բաբայանն ասաց, օրենսդրական բացերի հետեւանքով են առաջացած խնդիրները։
Կարդացեք նաև
Կրթական ոլորտում այս կուսակցությունը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել։ «Առաջարկում ենք օրենքով սահմանել ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափ, որը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի եռապատիկից»,-ասաց պարոն Բաբայանը:
Ըստ այս կուսակցության ծրագրի, առաջարկվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի փաստացի չափը վերանայել, ինդեքսավորել յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով մանկավարժի աշխատանքային ստաժը, որակավորման աստիճանը, մանկավարժի սաների կողմից՝ միջազգային, հանրապետական մրցույթներում արձանագրած հաջողությունները, մրցանակային տեղերը, թեսթավորման բարձր գնահատականները, արտաքին գնահատման արդյունքները։
Պաշտպանության ոլորտի վերաբերյալ «Ազատական» կուսակցության ծրագրում գրված՝ պետական անվտանգության ապահովումը կարող է իրականացվել միայն արդիական սպառազինությամբ, բարձր ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որը կամավորության սկզբունքով իրականացնելու է պայմանագրային զինվորական ծառայություն: Ծառայությանը ներգրավված անձնակազմի վարձատրության նվազագույն չափը պետք է համարժեք լինի ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկին: Զինված ուժերի անձնակազմի սոցիալական երաշխիքները պետք է սահմանվեն օրենքով եւ ամրագրվեն համապատասխան պայմանագրերով։
Եթե այս եւ այլ դրույթներն ընդունելի լինեն, ինչպես ասաց պարոն Բաբայանը, պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Փաշինյանի։
Պարոն Բաբայանը ճանապարհների ապաշրջափակման մասին էլ ասաց․ «Հատուկ կարգավիճակ Հայաստանի սահմանում որեւէ մեկը չի ստանալու, Հայաստան մտնող ճանապարհներին պետք է կանգնեն հայ սահմանապահները, մաքսազերծվում է լինելու, տրանզիտի փողը մուծում ու անցնում է Մեղրիով, Դիլիջանով, Գյումրիով, կապ չունի՝ որտեղ ես մտնում։ Չի լինելու նման բան՝ ճանապարհի հատուկ կարգավիճակ ստանան»։
Պարոն Բաբայանը զարմանում է, թե ինչու է մեր հասարակությունը հավատում ու խուճապի մատնվում Ալիեւի ինչ-որ հայտարարություններից․ «Իրանը մի հատ մեծ լիճ է սարքել, այդտեղով գնացք էր գնում, այլեւս չի գնում։ Հիմա պետք է լուրջ գումարներ ծախսեն Հորադիզից բերեն Ջաբրայիլ, ոնց որ ծախսել են Վրաստանից Կարս։ Ալիւեը երգում էր, որ երեք տարում սարքելու են, աստված տա, թող անեն»։
Դիտարկմանը՝ մե՞զ է մնալու, Բաբայանը քմծիծաղով արձագանքեց․«Դա դու ասացիր, ես չասացի։ Ես չեմ գտնում, որ իրենք այդտեղ շատ երկար են գտնվելու, եթե ինձ լսեք, հավատաք, զբաղվենք բանակով, ամեն ինչ շատ կարճ ժամանակում ավարտվելու է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ