Aravot.am-ն այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին խնդրեց մեկնաբանել համացանցում երեկ հայտնված այն տեսանյութը, որում, ըստ ուղեկցող մակագրության, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրինությունը պացիենտներին ավտոբուսներով տեղափոխում է Երեւան՝ Նիկոլ Փաշինյանի համապետական հանրահավաքում մասսայականություն ապահովելու նպատակով:
«Ցավոք սրտի, համացանցում երբեմն հայտնվում է մի պատկեր, մի նկար, որը հեչ հասկանալի չէ, թե ինչ նկար է, ովքեր են, որտեղ է եւ դրան հաջորդում է մի տեքստ ու փոթորիկ է առաջանում: Այսօր Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը ինքնուրույն դիմել է ՄԻՊ-ին, որովհետեւ մենք կարծում ենք՝ անընդունելի է ինչ-որ մի նկար գցել եւ տակը թիրախավորել, վիրավորել, ձեռք առնել որոշակի առողջական խնդիրներ ունեցող հարթակ: Ուստի շատ հետեւողական կերպով մենք դա տանելու ենք, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը եւս զբաղվի մեր պացիենտներին եւ ընդհանրապես որեւէ քաղաքացու որակելու, թիրախավորելու, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով», պատասխանեց տիկին Ավանեսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սա մեր քաղաքական և լրատվական դաշտի ցուցիչն է, առնվազն՝ անբարոյականություն: Այս լուրը հնարողների և տարածողների տեղը հենց նշված հիվանդանոցն է: